Սեյրան Օհանյանն ընդունել է Լիբանանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը


17:04 , 9 մարտ, 2015

Pastinfo.am-ը գրում է․
Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր:
 
Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը և հյուրերին ներկայացրել համագործակցության հնարավոր առաջնահերթ ուղղությունները:
 
Լիբանանյան կողմը նույնպես կարևորել է երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունները համագործակցային դաշտ տեղափոխելու պատրաստակամությունը:
 
Նույնը օրը պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
 
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ, ինչի արդյունքում մոտ ապագայում համագործակցությանը կհաղորդվի գործնական բնույթ:
 
Քննարկվել են նաև երկու երկրների միջև 2001 թվականին ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի արդիականացմանը և 2015 թվականի երկկողմ համագործակցության պլանին առնչվող հարցեր: