Երվանդ Զախարյանը հյուրընկալել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին


16:38 , 9 մարտ, 2015

news_2590131084151_3Araratnews.am-ը գրում է․

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 9-ին հյուրընկալել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին: Նախարարը շնորհավորել է դեսպան Միլսին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Երվանդ Զախարյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը Հայաստանի էներգետիկ ոլորտին, մասնավորապես՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերին շարունակական  աջակցություն ցուցաբերելու համար:

Հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկ բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության արդյունքներից ու ընթացքից: Դեսպան Ռիչարդ Միլսի խնդրանքով նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է էներգետիկ ոլորտի ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Ռիչարդ Միլսը նշել է, որ Հայաստանի էներգետիկ ոլորտը կարևորագույն ոլորտ է ԱՄՆ կառավարության համար: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում ևս էներգետիկ բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը կշարունակվի նույնքան արդյունավետ: