Աբովյանցի 19-ամյա Մարինեն «բռնաբարված» տուժողից 10 օրում դարձել է մեղադրյալ


15:26 , 9 մարտ, 2015

FotorCreatedk11in.am-ը գրում է․

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Մարինե Ա.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

Երևանյան համալսարաններից մեկի երկրորդ կուրսի 19-ամյա ուսանողուհին ծանր հանցագործության վերաբերյալ ակնհայտ սուտ հաղորդում է տվել, ընդ որում՝ ոստիկանությունում, նախազգուշացվելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, մինչև անգամ իր անձը ուսանողուհին ներկայացել է հորինված անուն-հայրանուն-ազգանունով՝ առանց իրեն հաշիվ տալու, թե որտեղ և ինչ է խաբում:

Մարինեի հաղորդումն այնքան ակնհայտ է սուտ եղել, որ հաղորդումը տալուց 10 օր հետո՝ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին արդեն քրեական գործ է հարուցվել նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: «Տուժող» Մարինեն հայտնվել է մեղադրյալի, ապա ամբաստանյալի կարգավիճակում:

Ըստ դատական ակտի՝ հոկտեմբերի 10-ին Մարինե Ա.-ն ոստիկանության Մալաթիայի բաժնում, ներկայանալով հորինված անունով, հաղորդում է տվել, թե նախորդ օրը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում իր ծանոթ Արտաշեսն ու նրա ընկերները Տիգրան Մեծի պողոտայի «Քուինբուրգեր» սրճարանի մոտից առևանգել են իրեն, տարել են նույն պողոտայի շենքերից մեկի անծանոթ բնակարան: Մարինեն ոստիկանությունում նշել է կոնկրետ շենքի ու կոնկրետ բնակարանի համարներ: Նա հայտնել է, թե մատնանշված բնակարանում Արտաշեսն իրեն բռնաբարել է:

Իր սուտ անվան, դեպքի վայրի սուտ մատնանշման պայմաններում, որպեսզի իր հաղորդման արժանահավատությունը հիմնավորի, 19-ամյա ուսանողուհին պատռել է իր վարտիքը ու ներկայացրել է ոստիկանություն՝ որպես կատարված բռնաբարության «վառ ապացույց»:

Հաղորդումը տալուց տասն օր հետո Մարինեն տուժողից վերածվել է մեղադրյալի:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի սեպտեմբերին Մարինեն ծանոթացել է Կոտայքի մարզի բնակիչ Խորենի հետ:

Հոկտեմբերի 9-ին Խորենն ընկերոջ՝ Սասունի հետ, վերջինիս մեքենայով եկել է Երևան:

Երբ Մարինեի դասերը վերջացել են, նա ընկերուհու հետ հանդիպել է Խորենին ու նրա ընկերոջը: Մեքենայով գնացել են Կոտայքի մարզի «Բյուրակն» ռեստորանային համալիր, զվարճացել են, Մարինեն ոգելից խմիչք է օգտագործել:

Որոշել են զվարճանքը շարունակել «Տիգրանաձոր» ռեստորանային համալիրում, որտեղ դարձյալ ալկոհոլ են օգտագործել, մի քանի ժամ մնացել են: Ապա չորսով վերադարձել են Երևան, գնացել են Մարինեի ընկերուհու տուն:

Ճանապարհին Մարինեն վատացել է, անգամ ուշագնաց է եղել:

Ընկերուհու տանը Մարինեին փորձել են սթափեցնել՝ վրան ջուր լցնելով: Ընկերուհու տանը որոշ ժամանակ մնալուց հետո, գիշերվա ժամը 2-ի սահմաններում Մարինեն ասել է, թե գնում է տուն: Իսկ նա բնակվել է Կոտայքի մարզի բնակավայրերից մեկում:

Ընկերախումբն առաջարկել է, որ Մարինեն գիշերով դուրս չգա, բայց Մարինեն մենակ փողոց է դուրս եկել: Հասնելով Օհանովի փողոցի շենքերից մեկի մոտ՝ նա կորցրել է գիտակցությունը, ընկել է գետնին:

Պատահական անցորդները շտապօգնություն են կանչել:

Շտապօգնության անձնակազմին Մարինեն ներկայացել է հորինված անուն-հայրանուն-ազգանունով, լաց է եղել ու հայտարարել, թե իրեն… բռնաբարել են, Տիգրան Մեծի պողոտայից բերել են Օհանովի փողոց, իջեցրել են մեքենայից ու հեռացել են:

Շտապօգնության մեքենայով Մարինեին տեղափոխել են հանրապետական ծննդատուն:

Հայտնվելով մեղադրյալի կարգավիճակում՝ Մարինեն, արդեն հանդես գալով իր իրական անուն-հայրանուն-ազգանունով, հայտնել է, թե ինքը իր կողմից սուտ մեղադրված անձին՝Արտաշես անունով տղայի, չի ճանաչում: Ամեն բան… հորինել է…

Բժիշկներին ու ոստիկաններին Մարինեի պատմած սրտաճմլիկ պատմության մեջ հորինված չի եղել միայն… Մարինեի կողմից պատռված վարտիքը, որը որպես բռնաբարության ապացույց նա ներկայացրել է իր հաղորդմանը «կից»: Վարտիքը ճանաչվել է իրեղեն ապացույց:

Շտապօգնության բժշկի ցուցմունքով՝ գիշերային կանչով Օհանովի փողոց են գնացել, տեսել են գետնին պառկած մի աղջկա: Նա ոչինչ չի խոսել, միայն լաց է եղել: Երբ տեղափոխել են մեքենայի մեջ, աղջիկն ասել է, թե իրեն բռնաբարել են: Իրենք նրան տարել են հանրապետական ծննդատուն:

Բժիշկն ասել է, թե աղջկա դեմքին վնասվածքներ չեն եղել, նայել է նաև աղջկա որովայնի հատվածը, նույնպես վնասվածքներ չեն եղել:
Հագուստը պատռված չի եղել, կրծքավանդակի շրջանում միայն արձակված են եղել կոճակները, հագուստը թաց է եղել: Աղջկա հետ շփվելու ընթացքում նրանից ալկոհոլի հոտ չի զգացվել:

Մարինեի հետ դեպքի օրը ռեստորաններում զվարճացած տղաները հայտնել են, թե ռեստորաններում առանձնասենյակ են վերցրել: Մարինեն հարբել է, իրեն վատ է զգացել: Նրա ընկերուհու տանը վրան ջուր են ցայել, որ ուշքի բերեն: Հետո նա ասել է, թե արդեն լավ է, ու գնացել է տուն:

Ընկերախմբի անդամները պնդել են, որ Մարինեն չէր կարող բռնաբարվել Տիգրան Մեծի պողոտայում, որովհետև նշված ժամանակահատվածում չորսով են եղել՝ Կոտայքի մարզի ռեստորաններում:

Որպես «բռնաբարության» վայր՝ Մարինեի կողմից մատնանշված բնակարանում, պարզվել է, մարդ չի ապրում, բնակարանատերն իր ընտանիքով Ռուսաստանում է: Բնակարանի բանալին նրա մորաքրոջ մոտ է եղել: Ոստիկաններն այդ կնոջ ներկայությամբ բացել են բնակարանը, զննություն են կատարել, հանցագործության կատարման հետքեր չեն հայտնաբերվել: Վկա կինն ասել է, թե բնակարանի բանալին միայն իր մոտ է, բնակարանը փակ է եղել, ոչ ոք այնտեղ չէր կարող «բռնաբարվել»: Մարինեին ու ոմն Արտաշեսին կինը չի ճանաչել, չի էլ պատկերացրել, թե Մարինեն ինչու է նման ստեր հորինել:

Ընդհանուր իրավասության դատարանը ուսանողուհի Մարինեին մեղավոր է ճանաչել ակնհայտ սուտ մատնության համար, դատապարտել է 1 տարի ազատազրկման, կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել է 1 տարի փորձաշրջան:

Դատավճիռն օրինական ուժ ստանալուց հետո գործով իրեղեն ապացույց ճանաչված, ամբաստանյալի կողմից նախաքննական մարմնին ներկայացված կեղծ ապացույց վարտիքը կոչնչացվի: