12:08 , 9 մարտ, 2015
Հայտնի «քաղաքագիտական վերլուծության» տապալումից հետո մարդկանց ուշադրությունը շեղելու նպատակով «Հայ ազգային կոնգրեսի» ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը որոշեց կենտրոնանալ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի վրա: Նա նույնիսկ հանդես եկավ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի վերլուծությամբ, որից հետո բաց նամակով անձնական հանդիպում խնդրեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից, որպեսզի ներկայացնի իր նկատառումներն ու մտահոգությունները նշված հարցի վերաբերյալ: Թե ինչ ավարտ ունեցավ այդ նախաձեռնությունը, հայտնի է մամուլից, սակայն առավել ուշագրավ է, թե ինչ է կատարվել դրանից հետո:
ՀԱԿԿ-ի տարածած մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ փետրվարի 27-ին Լ.Տեր-Պետրոսյանն իր մի քանի կուսակիցների ուղեկցությամբ հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:
Հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն նշվում, սակայն հանդիպման մանրամասներին տեղյակ անձանցից մեկը հայտնեց, որ Տեր-Պետրոսյանը հանդես է եկել բավականին հետաքրքիր հայտարարություններով, ինչն առաջացրել է դեսպանների զարմանքն ու շփոթմունքը: Դեսպանները հետաքրքրվել են հայ-թուրքական հարաբերությունների ընթացքով, ինչին ի պատասխան Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության փաստը ճանաչելու դեպքում հայկական կողմը հողերի վերադարձի և ֆինանսական փոխհատուցման հարցեր է բարձրացնելու: Ըստ ԼՏՊ-ի՝ այդ առումով Սևրի պայմանագիրն անհավանական երազանք է, որին հասնելու համար հայկական կողմը որևէ շանս չունի, նաև այդ պատճառով «Թուրքիայի պես հզոր երկիրը» կարող է ճնշել ՀՀ-ին:
ԼՏՊ-ի այս արտահայտություններն առնվազն մտահոգության տեղիք են տալիս, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների մասին նրա խոսքին ծանոթանալիս տպավորություն է ստեղծվում, որ նա ոչ թե մտահոգված է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման խնդրով, այլ ավելի շատ ներկայացնում է «Թուրքիայի պես հզոր երկրի» շահերը: Չնայած դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ՀՀ Նախագահին ուղղված իր բաց նամակում Տեր-Պետրոսյանն առաջարկում էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի մշակման հանձնաժողովում ներառել տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանին, ով հայտնի է Ցեղասպանության հարցում իր հակահայկական ու մերժողական դիրքորոշումներով:
Լ.Տեր-Պետրոսյանը դեսպանների հետ հանդիպման ընթացքում նախ շեշտել է, որ իրենք ԵՏՄ-ի անդամակցության կողմնակից են, այնուհետև տեղեկացրել, որ իրենք դեմ են սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությանը: ԼՏՊ-ն դեսպաններից պահանջել է, որ Վենետիկի հանձնաժողովը բացասական գնահատական տա սահմանադրական փոփոխությունների փաթեթին` վախեցնելով, որ հակառակ դեպքում ՀՀ-ում հակաեվրոպական ալիք կբարձրանա:
Զարմանք է առաջացնում նաև այն, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն անշրջելի գործընթաց համարող Տեր-Պետրոսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր բողոքները ներկայացնում է ոչ թե ԵՏՄ-ի, այլ Եվրամիության դեսպաններին: Դեսպաններն իրենք էլ զարմացել ու շփոթվել են Տեր-Պետրոսյանի այդ մոտեցումից` այդպես էլ չհասկանալով, թե ի վերջո իրենցից ինչ էր ուզում ՀԱԿԿ-ի ղեկավարը:
Ընդհանրապես տպավորությունն այնպիսին է, որ ԼՏՊ-ն պարզապես մոլորվել է և չգիտի իր հետագա անելիքներն ու ակնկալիքները, այդ պատճառով էլ չի կարողանում կողմնորոշվել, թե ումից ինչ է ուզում և ինչու: