10:43 , 9 մարտ, 2015
Օրերս ԱԺ արտահերթ նիստում բուռն, լուրջ, սկզբունքային, խիստ և արդեն Հայաստանում «մոդա» դարձած հումորախառն մթնոլորտում քննարկվեց կառավարության հեղինակած «Հայասատանի Հանրապետության նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» և էլի համանման մի օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը: Այնքան երկար են անվանումները, որ չեմ ուզում լրիվ գրեմ, մի խոսքով, հավանաբար հասկացաք արդեն:
Ըստ այդ փոփոխությունների՝ պաշտոնաթող նախագահն այսուհետ պետք է ստանա հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի օրենքով սահմանված աշխատավարձի 70 տոկոսի չափով: Եթե ներկայումս նախագահի աշխատավարձը 1.322.800 դրամ է, ապա 1-ին և 2-րդ նախագահները պետք է ստանան 925.960 դրամ կենսաթոշակ:
Կարող եք համարել սենսացիա, բայց ես առաջին անգամ, որոշ վերապահումներով, մասնակիորեն համաձայն եմ Զարուհի Փոստանջյանի հետ...
Թող երկու նախկին նախագահներն էլ, որոնք շատ լավ «գոյատևում են», հրաժարվեն կամ իրենց այդ գումարները, պալատները հանձնեն մանկատներին ու ծերանոցներին:
Այո′, թող թոշակի անցած մանկավարժների, պետական ծառայողների, բանվորների, ոստիկանների, զինվորականների, բուժաշխատողների, մյուսների նման ստանան սիմվոլիկ 41.000 դրամ թոշակ և շատ չէ, գոնե մի եռամսյակ ապրեն ծայրամասերի բազմաբնակարան շենքերից մեկում: Թող մասնակիորեն զգան թոշակառու տատիկ-պապիկների վիճակը և տեսնեն՝ գոնե 3 ամիս կդիմանան, թե՞ ոչ և նոր հետո ցախավելին հեծած թռնեն, ելույթ ունենան Թատերական և մյուս հրապարակներում: Ես համոզված եմ, որ անգամ իրենց այդ բարձր կենսաթոշակով էլ չեն դիմանա, հաստատ…
Հասկանում եմ, որ պետություն ենք, որ պարտավոր ենք, որ այդպես է պետք, որ այդպես է ընդունված… Ուղեղս հասկանում է, սիրտս, հոգիս` ոչ…
Դե թող ուրեմն հանգիստ նստեն իրենց պալատներում ու քաղաքականությամբ չզբաղվեն…
ԱԺ-ում ընդամենը մեկ հոգի դեմ քվեարկեց, ու այդ մեկը պարզ է` ով էր… Իսկ ո՞ւր էր ամենատես աչքի մասնագետ Լյովիկ Զուրաբյանը… Ո՞ւր էիք ԲՀԿ-ի, «Ժառանգության», ՀԱԿ-ի «սկզբունքային», «օբյեկտիվ», մեծ-մեծ «փրթող», պաթետիկ ոճով ելույթ ունեցող պատգամավորներ… Հը՞, չկայի՞ք… Լավ է՝ երևի գոնե պամպերսով եք եղել…