Արմավիրի քաղաքապետը քարոզարշավի համար կես մլն դրամ է ծախսել


10:20 , 9 մարտ, 2015

Արմավիրի քաղաքապետը քարոզարշավի համար կես մլն դրամ է ծախսելPanorama.am-ը գրում է.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն, Արմավիրի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը քարոզարշավի համար ծախսել է կես մլն դրամ:

Ըստ ներկայացրած հայտարարագրի, փետրվարի 18-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում թեկնածու քաղաքապետը 60 հազար դրամ ծախսել է տարածքի վարձակալության համար, իսկ 440 հազար դրամ ծախսել է հեռուստատեսային ծառայությունների համար: Ծախսերն իրականացվել են մարտի 5-ին և 6-ին:

Ուշագրավ է, որ Արմավիրի քաղաքապետի թեկնածուներից քաղաքապետի տեղակալ Մելիք Բաղդասարյանը մինչ ինքնաբացարկ հայտնելը ևս ծախսեր է կատարել: Հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն, փետրվարի 28-ին մուտք է եղել ընդհանուր առմամբ 950 հազար դրամ: Թեկնածուն քարոզչական պաստառների ու բուկլետների համար նախ ծախսել է 379 հազար, ապա՝ 570 600 դրամ: Ընդհանուր առմամբ նա ծախսել է 949 հազար դրամ, ապա ինքնաբացարկ հայտնել:

Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը, ով առաջադրվել էր քաղաքապետի թեկնածու, ևս ԿԸՀ-ին հայտարարագիր է ներկայացրել: Ինքնաբացարկ հայտնած Պետրոսյանի հիմնադրամ ոչ մուտք է եղել, ոչ էլ ծախս: 

Հիշեցնենք, որ նախապես Արմավիրի քաղաքապետի թեկնածու էր առաջադրվել վեց քաղաքացի, նրանցից չորսը ՀՀԿ-ական էին: Այս պահին գործող քաղաքապետը մնացել է առանց մրցակիցների:

ԸՕ-ի համաձայն, համայնքի ղեկավարների թեկնածուները իրենց նախընտրական հիմնադրամներ կատարած մուտքերի և ծախսերի վերաբերյալ հայտարարագիրը ԿԸՀ վերահսկիչ –վերստուգիչ ծառայությանն են ներկայացնում նախընտրական քարոզարշավը մեկնարկելուց տասն օր անց և ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետից ոչ ուշ քան 3 օր առաջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ