Ընդդիմություն, ըստ էության, այլևս չկա. Աշոտ Մանուչարյան


08:37 , 9 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին ներքաղաքական դաշտում արմատական փոփոխություններին, նշեց, որ ընդդիմությունը ոչնչացված է, չկա, իսկ իրական ընդդիմությունն այն մեկն է, որը կարող է մարդուն ազատել փողի իշխանությունից: ՀՀԿ-ի համար նա բերում է Գարեգին Նժդեհի կյանքի պատվիրանը՝ չունենալ որևէ սեփականություն բացի Հայկազյան բառարանն ու թուրք զորավարից ավարառված դաշույնը:


-Պարո՛ն Մանուչարյան, անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին,  ի՞նչ բնութագրում կտաք՝  արդյո՞ք հիմա նոր շրջան է սկսվում մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները, ինչի մասին նշում են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները:


-Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները լավ կլիներ՝ խոսեին ուրիշ բանի մասին, ոնց են իրենք կանգնեցնելու հանրապետության կազմաքանդումը, որով իրենք զբաղված են իրենց ողջ գործունեության ընթացքում: Իրենք պետք է հասկանան, որ որևէ դեղատոմս այսօր չունեն: Որ նրանք բացի փողի իշխանությունից, իրենց իշխանության ողջ ընթացքում որևէ բան Հայաստանին չեն առաջարկել: Թող հիշեն Վազգեն Սարգսյանին, թող հիշեն Աշոտ Նավասարդյանին, և դրանից առաջ՝ Գարեգին Նժդեհին: Գարեգին Նժդեհը ոչ մի սեփականություն չուներ: Երբ նա բոլշևիկների հետ բանակցություններ էր վարում, նա ասում էր՝ մենք գաղափարներով կարծեք թե նույնն ենք, կարծեք թե երկուսս էլ մասնավոր սեփականությանը դեմ ենք: Ես երկու բան ունեմ որպես մասնավոր սեփականություն՝ մեկը Հայկազյան բառարանն է, մյուսը՝ դաշույնը, որ թուրք  զորավարից եմ խլել՝ որպես մարտական ավար: Ուրիշ բան չունեմ և չեմ էլ ուզում ունենալ, որովհետև գիտեմ՝ իրերը ստրկացնում են մարդկանց: Բայց, ասում էր, ձեզ կասկածում են, որ կարող է՝ վերցնեք և նորից իրար մեջ բաժանեք, այսինքն՝ նորից ուզում եք իրերի ստրուկը դառնալ, չեք հրաժարվել էդ գաղափարախոսությունից: Հիմա նրանք Գարեգին Նժդեհին կամ պետք է մի կողմ դնեն՝ ասեն, որ ապուշի մեկն է եղել, չէր հասկանում փողի նշանակությունը, որովհետև նրանց առաջին դեմքերը գովաբանում են փողը, ծառայում են փողին և հանուն փողի ոչնչացնում են մեր երկիրը: Եվ դրա համար, լավ կլիներ՝ լռեին:


-Ընդդիմության մասին ի՞նչ կասեք՝ արդյո՞ք կազմաքանդված չէ:


-Ընդդիմություն, ըստ էության, այլևս չկա: Որովհետև եթե փողի հարցում մարդուն ստրկությունից ազատելու խնդիր չի դրվում, որովհետև ոչ միայն Հայաստանում, այլ ողջ մոլորակի վրա մարդիկ գռեհիկ կերպով ստրկացված են փողով: Հանուն փողի հայրենիքն էլ կվաճառեն … 1000 դրամի համար թոռը սպանում է պապին, որ իր թաղման համար կուտակվող փողից վերցնի, տա աղջիկներին, որովհետև թոռը  սովորել է, որ ինքը պետք է փող ունենա և վազի: Ուրիշ բան չկա, որովհետև դա են քարոզում նրան թե՛ ընդդիմությունը և թե՛ Հանրապետական կուսակցությունը: Այդ մարդիկ բոլորը ոչնչացնում են Հայաստանը, ոչնացնում են՝ մարդուն: Այ, էդ խոսակցությունը ով սկսեց՝ նա ընդդիմություն է: Հիմա ժողովուրդը սա չի հասկանում, նրան թվում է՝ Պետրոսը վատն է, Պողոսը լինի, լավ կլինի: Իսկ շատերը մտածում են էսպես՝ Պետրոսը, որ լինի թայֆայից՝ ընդդիմության, ապա ես կգամ  ու  արդեն հարկայինում կաշխատեմ: Լավ ապրելն էլ այն է, որ ուրիշներին թալանելու հնարավորություն է ստանում: Ուրեմն՝ այս հոգեբանությունը մեռած է, մենք իրար ոչնչացնելու ենք այնքան, մինչև այս բանը չհասկանանք: Եվ այս տեսակետից կամաց-կամաց սկսում են սա հասկանալ: Եվ եթե կան ընդդիմադիրներ, որոնք այսպես կխոսեն, ապա շատ արագ ոտքի կկանգնեցնեն ժողովրդին և նա կյանքի կկոչի բոլորովին նոր տեսակի: Իսկ այս տեսակը մոլորակի վրա է ավարտված, վերջին ջղաձգումների մեջ է, ճիշտ է՝ իր հետ շատ բան է տանում, շատ բան ոչնչացնում:


-Իսկ ի՞նչ  գործընթացներ են առաջիկայում ընթանալու:


-Ես կարծում եմ՝  առավել հեռանկարային են այն ուժերը, որոնք մարդկանց կփորձեն հանել օլիգարխիայի վիճակից: Տարրական լուծում են առաջարկում մտավորականները, ասում են, որ բոլոր նրանք, ովքեր ընդդիմադիր են, նրանք ուզում են իշխանությունը տապալել, նստել իրենց տեղը, առաջարկեն մի  կառավարություն՝ իր ծրագրով, որն իրականացնի այդ ծրագիրը: Հիմա ասում են՝ եկեք բոլորդ, Ձեր կառավարություններն ու ծրագրերն առաջարկեք: Թող դրանք ի մի բերեն և առաջարկեն ժողովրդին՝ որպես ժողովրդական վստահության կառավարություն: Այսինքն՝ ժողովրդի վստահությունը չվայելող մարդ պետք չէ առաջարկել, պետք է առաջարկենք մարդկանց, ովքեր այդ վստահությունն ունեն: ժողովրդին ամբողջությամբ համախմբենք և դա համախմբված իրականացնենք: Այ սա ճանապարհ է, և կարծում եմ՝ սա է իշխողը լինելու: Եվ արդեն իսկ սկսվել է խոսվել այդ մասին, որոշակի կուսակցություններ են այդ բանը քարոզում, բայց պետք է ամբողջությամբ: Եվ նույնիսկ նրանք, ովքեր իշխում են, պետք է հասկանան, որ ճանապարհ չունեն, որովհետև եթե երկրում սկսվեց սովը, ոչ միայն ներքին, այլև համաշխարհային թալանի, առաջին զոհերը իրենք են լինելու, որովհետև սոված մարդը բացի հարուստից թալանելուց, հաց վերցնելու այլ հնարավորություն չունի: Եվ հիմա աշխարհը սրընթաց մոտենում է խորը ճգնաժամերի: Էդ հարուստներին խորհուրդ չէի տա նաև փախչել, որովհետև որտեղ էլ լինեն, նրանց ձեռքից ամեն ինչ առնելու են:


-Եվ, ըստ Ձեզ, ո՞ր ուժերն են լինելու, որ դա կանեն:


-Ես կարծում եմ՝ մտավորականների կոչին կարձագանքեն շատերը, անգամ՝ Հանրապետականները: Հիմա բոլորի համար միայն մեկ ճանապարհ գոյություն ունի՝ հասկանալ, որ փողի իշխանությունն ավարտված է, որ փող սարքող մարդը պետք է դուրս գա քաղաքականությունից և զբաղվի բիզնեսով, բայց իր փողերը ամբողջ վերածի փոխադրամիջոցների: Եթե նա փողը վերածի շքեղության, ապա սա հանցագործություն է… այ փողը պետք է վերածի դաշտի կամ գործարանի, որոնք էլի իրենը կլինեն, որ մարդիկ այդտեղ աշխատեն և պահեն իրենց ընտանիքները: Եթե հարուստը այդպես չանի, ուրեմն, նա ոչնչություն է, նա շիզոֆրենիկ է, որին պետք է բուժել: