Զգուշացում ծնողներին. մինչ շիշը երեխայի ձեռքը տալը նախօրոք հեռացրեք այս պիտակները


03:17 , 9 մարտ, 2015

Բոլորս արդեն սովորել ենք տեսնել շատ ապրանքների վրա ակցիզային պիտակները: Դրանք ամենուր են՝ հյութերի, ջրի, դեղորայքի վրա: Արտադրողների համար դա տհաճ, բայց և պարտադիր պարտավորություն դարձավ: Ակցիզային պիտակների համար ամեն գործարան պահում է հատուկ մարդ, որը զբաղվում է այդ պիտակի հաշվառմամբ, հսկմամբ, փակցմամբ… Փչացած պիտակները ևս հավաքվում ու վերադարձվում են հարկային մարմիններին: Լավ ասենք թե, լավ բան է, նոր աշխատատեղեր ստեղծելու փորձ է, ԲԱՅՑ արի ու տես, որ այդ պիտակներն առողջության համար շատ վտանգավոր կարող են լինել: Համացանցում վերջին շաբաթվա մեջ հրապարակվեց 2 դեպք, որտեղ այս փոքրիկ հարկային գործիքի պատճառով տուժել են փոքր երեխաները: Մանկական հյութի, ջրի, երեխաների համար նախատեսված պարագաների վրա փակցված ակցիզային պիտակները փոքրիկների անկուշտ հետաքրքասիրության հետևանքով հայտնվել են սկզբում երեխաների բերաններում, այնուհետև մի դեպքում՝ կերակրափողում, մյուս դեպքում՝ շնչափողում: Սակայն մայրիկների զգոնության շնորհիվ և բժիշկների միջամտությամբ երեխաների առողջությանը սպառնացող վնասը հաջողվել է չեզոքացնել: Մի դեպքում երեխային անզգայցման տակ գաստոսկոպիա արեցին, և հանեցին կպած պիտակը, մյուս դեպքում շպատելի միջոցով երկար զննելով երեխայի քիմքը՝ բժշկին հաջողվեց գտնել խանգարող մարմնագույն մարմինը: Բժիշկները, սակայն, զարմացած չէին, ավելին` ասացին, որ սա արդեն որերորդ դեպքն է, երբ ակցիազային պիտակն այսպիսի փորձություն է դառնում: Մնում է միայն զգուշացնել ծնողներին, որ ուշադիր լինեն և նախօրոք հեռացնեն այդ պիտակները բոլոր առարկաներից, որոնք կարող են հայտնվել երեխաների ձեռքերում…