Oրենքով գողերն անելիք ունեն Հայաստանում


23:06 , 7 մարտ, 2015

Lragir.am-ը գրում է․

Քրեական ռազբորկաների, օրենքով գողերի «թագադրումների» և նրանց «շնորհազրկումների» մասին լուրերն անմիջապես գլխավորում են հայկական զլմ-ների թոփ-լուրերը: Այնպիսի զգացում է, որ հայ հասարակությունը իրական կյանքը տեսնում է քրեական միջավայրում, որտեղ յուրաքանչյուրի տեղը սահմանված է ուղղահայացում:

Հայ հասարակությունը չափից դուրս հիերարխիկ է: Քրիստոնյա ժողովուրդները, որպես կանոն, չեն ընդունում հիերարխիան. չէ՞ որ Քրիստոսի «նոու-հաուն» բացարձակ հավասարությունն էր: Սակայն հայկական եկեղեցին, որը երկար ժամանակ միակ էթնիկ ինստիտուտն էր, այդպես էլ չընդունեց հավասարության գաղափարը՝ իր և հոտի մեջ պահպանելով հիերարխիան:

Արևելյան հասարակություններն ապրում են կոշտ հիերարխիայով, իսկ հայ քրիստոնյաները, ովքեր դարերով ապրել են հրերարխիկ հասարակություններում, անկախության տարիներին այդպես էլ չկարողացան գիտակցել իրենց տրված ազատության ու հավասարության արժեքը:  Անհավասարության մեջ ապրելն ավելի դյուրին է:

Միջին վիճակագրական հայ տղամարդը չի կարող առանց հիերարխիայի. նա հաճույքով է քրեական սերիալներ դիտում, աշխույժ քննարկում գողական աշխարհի նորությունները, լսում բարի գողերի մասին երգերը, ովքեր լացում են իրենց մայրիկների գերեզմանների վրա:

Միջին վիճակագրական հայ տղամարդը «տանիքի», հովանավորի կարիք ունի, և առիթի դեպքում դիմում է ոչ թե օրենքին, այլ հեղինակությանը: Եվ ոչ այն պատճառով, որ երկիրն է այդպիսին, այլ այն պատճառով, որ միջին վիճակագրական մարդիկ են երկիրն այդպիսին դարձնում:

Պատերազմից հետո և հետպատերազմական առաջին տարիներին, երբ բոլորն իսկապես հավասար էին, եկան գողական խրախճանքների սև տարիները: Իշխանության գլուխ անցան մարդիկ, ովքեր չեն ամաչում իրենց գողեր անվանել: Կյանքը պանյատներով դասավորելուն մարդիկ սկսեցին վերաբերվել որպես նորմալ երևույթի:

Հետո, ինչ-որ պահի այս ամենն այլևս նորաձև չէր ու ամոթալի էր, իսկ «գողական» հարսանիքներին սկսեցին գողական երգիչների փոխարեն հրավիրել դասական քառյակների:

Սակայն չփոխվեց հիերարխիկ մտածելակերպը, որը բնորոշ է ոչ միայն հայ տղամարդկանց: Հիերարխիան ի բնե չընդունող կանայք նույնպես սկսեցին ենթարկվել այդ կարգերին և բռնությունը որպես այդպիսին ընդունել: Այս աշխարհում պետք չէ գործատու, գործընկեր, համակարգող, անհրաժեշտ է բռնապետ, ով կարող է և գուրգուրել, և պատժել:

Այս աշխարհում բուռն ծաղկում ապրեցին զանազան մաստի փրկիչներ, անգրագետ անձինք, ովքեր այդպես էլ չկարողացան որոշել՝ արդյոք ամոթ է կամ ամոթ չէ քաղաքականությամբ զբաղվելը, փողկապ կրելը և օրենքին ենթարկվելը: Չէ՞ որ դա կարող էր «ծակել» նրանց:

Գողական համակարգը ընդգրկել է ոչ միայն հետխորհրդային տարածքը: Բայց այլ երկրներում այն ընկալվում է որպես ենթամշակույթ, որպես առանձին աշխարհ, որը չի մտնում նորմալ մարդկանց կյանք և սերտաճած չէ պետության հետ: Հետխորհրդային երկրներում գողական աշխարհն է պետական, իրավական մշակույթը:

Վերջին մի քանի տարիներին Հայաստանի երիտասարդությունը դադարեց սև կրելուց և սկսեց հագնել գունավոր զգեստներ: Սակայն իշխանության կողմից հովանավորվող ալիքների էկրաններից այդպես էլ չվերացան սերիալները, որտեղ քարոզվում են գողական մշակույթը և հիերարխիան:

Այդ մշակույթը մեծապես տարածվեց բանակում, որտեղ յուրաքանչյուրը գիտի իր տեղը հիերարխիայում և հաճախ լուռ տանում նվաստացումը՝ հասկանալով, որ այդ հիերարխիայից դուրս բանակ չկա: Կամ էլ դիմում է ինքնասպանության:

Սահմանին իրավիճակի սրումը, որը շարունակվում է անցած տարվա օգոստոսից, զգալի փոխեց բանակում միջանձնային հարաբերությունները՝ հատկապես առաջնային գծի ստորաբաժանումներում: Սահմանին գիշերը թշնամու դիպուկահարների թիրախի և մահվան առաջ բոլորն են հավասար, և չկա ոչ մի հիերարխիա: