22:53 , 7 մարտ, 2015
Tert.am-ը գրում է․
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, Tert.am-ի հետ զրույցում դրական կարծիք հայտնեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների մասին։
«Փոքր, միկրոփոքր, միջին բիզնեսի դասակարգումներ ունենք ՓՄՁ-ների մասին օրենքով, որի դեպքում մինչև 10 աշխատող ունեցողը համարվում է միկրոձեռնարկություն, և այդ միկրոձեռնարկության շրջանառությունը մինչև 100 մլն դրամ պետք է կազմի, փոքր ձեռնարկությանը՝ մինչև 500 մլն դրամ, միջին ձեռնարկությանը 50-ից 250 աշխատող և 1,2 միլիոն դոլար շրջանառություն»,-ասաց Գագիկ Մակարյանը՝ շարունակելով. «Հայաստանում մի երևույթ կար, որ միկրոբիզնեսը և փոքր բիզնեսը մինչև 58,3 մլն շրջանառությունը գանձվում էր շրջանառության հարկով: Մնացածը, ովքեր 58,3-ից ավելի են, նրանք հայտնվում էին ԱԱՀ դաշտում, մինչդեռ մեր միկրոբիզնեսի դասակարգումը նշում է, որ մինչև 100 մլն շրջանառությունը և մինչև 10 աշխատողը համարվում է միկրոբիզնես: Այսինքն մի՝ կողմից դու կարող էիր լինել միկրոբիզնես, մյուս կողմից՝ դու հայտնվում ես ԱԱՀ դաշտում, որը հարիր է ավելի խոշոր ձեռնարկություններին»:
«Շրջանառության հարկի շեմի բարձրացումը բերեց նրան, որ օրենքի սանդղակի ցուցանիշը որոշակիորեն ավելի լավ կապահովենք, և երկրորդ՝ փոքր բիզնեսի բեռը կթեթևացնենք, քանի որ ԱԱՀ-ի 20%-ը մուծելը մի բան է, այժմյան ընդունած շրջանառության հարկը՝ մի այլ բան»,-ասաց պարոն Մակարյանը:
Ըստ նրա՝ այժմ կա էական տարբերություն հարկերի միջև, որը թույլ կտա զարգացնել, խթանել փոքր բիզնեսը:
«Երրորդ առավելությունն այն է, որ մենք պետք է պահենք ընդունած եվրոպական ստանդարտները, և հետագայում ձգտում լինի, որ հայկական ձեռնարկությունները բարձրացնեն իրենց արտադրողականությունը, որպեսզի միկրոձեռնարկություն լինելով՝ լինեն նաև արդյունավետ ընկերություն: Հիմա մենք մոտիվացնում ենք, որ ավելի արդյունավետ աշխատենք, և առավելությունները նկատելի են, ինչն էլ համարում եմ դրական»,-եզրափակեց Գագիկ Մակարյանը: