Ներկայում ռազմական բախումների թատերաբեմ է հանդիսանում Թիքրիթ քաղաքը


21:00 , 7 մարտ, 2015

Իրաքում վերջին օրերին «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում իրաքյան բանակային ստորաբաժանումների, քրդական զինուժի և միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի օդուժի համատեղ ներգրավմամբ: Ներկայում ռազմական բախումների թատերաբեմ է հանդիսանում ռազմավարական և տնտեսական տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող Թիքրիթ քաղաքն, իսկ արդեն առաջիկայում, տարբեր հաղորդումների համաձայն՝ ապրիլի կեսերին, դաշնակիցները նախաձեռնելու են ԻՊ-ի դեմ ամենալուրջ գրոհը՝ նպատակաուղղված Իրաքի՝ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի ազատագրմանը:
Եվ ահա, ստեղծված իրավիճակի ֆոնին ուշագրավ տեղեկատվություն են տարածել մի շարք լիբանանյան լրատվամիջոցներ առ այն, որ Թիքրիթի ճանապարհին ալ-Դուր քաղաքն ազատագրելուց հետո տեղի օդանավակայանում շիայական ոստիկանությունն իսրայելական ծագման հետախուզական սարքավորումներ է հայտնաբերել:
Եթե տեղեկատվությունը քարոզչական նպատակ չունի, ապա միջադեպը լուրջ մտորումների տեղիք է տալիս՝ կապված ծավալվող գործընթացներում թաքնված խաղացողների բացահայտման իրողությամբ: