19:28 , 7 մարտ, 2015
Tert.am-ը գրում է․
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը և քաղաքական ու ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ներքաղաքական զարգացումների, մասնավորապես` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ արդեն ընդդիմություն հռչակվելու փաստին՝ տարբեր գնահատականներ հնչեցրին: Լևոն Շիրինյանի համոզմամբ՝ ընդդիմությունը լրացավ նոր ուժով, իսկ Արմեն Բադալյանն այն համոզմանն է, որ դա բացարձակ կապ չունի իր հետևից գնացող ընտրական խմբի կամ իր հետ հետևից գնացող հասարակության ինչ-որ մի մասի համար:
«Վերադասավորում է տեղի ունենում, քաղաքականանում է»,- ասաց Լևոն Շիրինյանը՝ մանրամասնելով. «Որովհետև եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհուրդը կաթվածից հետո վերակենդանացավ և Ծառուկյանը գնաց բիզնեսի աշխարհ՝ հենց դա է նշանակում»:
Քաղաքագետի խոսքով՝ եթե ԲՀԿ-ն կարողանա այդ նիշը պահել և քաղաքական կուսակցություն դառնա, ապա Հայաստանի քաղաքական դաշտում նոր խաղացող է հայտնվում՝ նոր որակով:
«ԲՀԿ-ն կլինի ոչ թե օլիգարխիկ կառույցի հավելված, այլ՝ քաղաքական կուսակցություն: Սա նոր բան է նշանակում: Լավ կլիներ, որ ԲՀԿ-ի խորհուրդը գիտակցեր իր վրա պատահականորեն դրված խնդիրը, որ ստացվեց զարգացումների առումով: Ստացվեց, որ ԲՀԿ-ն դարձավ քաղաքական կուսակցություն, և դա ընդգծվեց քաղաքական համայնապատկերի մեջ: Մյուսներն էլ պետք է համակերպվեն և հակադրվեն դրա հետ»,-ասաց Շիրինյանը:
Նա նաև նկատեց, որ թեև կսկսեն ԲՀԿ-ին կպցնել «իշխանական ընդդիմություն» անվանումը, այդուհանդերձ, ընդդիմությունը լրացավ նոր ուժով: Ըստ քաղաքագետի՝ եթե մինչ այժմ այդ ուժը իշխանական այլընտրանք էր, այժմ նա չի կարող այլևս իշխանական այլընտրանք լինել:
«Որպես ընդդիմադիր ուժ՝ սա ռեալ ճանապարհ է դեպի իրական քաղաքական կուսակցություն:Մնացած հաջողություններն իրենց որակից են կախված: Եթե Գագիկ Ծառուկյանը կարողանա օգնել այդ կորիզին, որ մնացել է կուսակցությունում, որպեսզի նրանք ավելի քաղաքականանան, իրենք կունենան հաջողություններ, եթե ոչ՝ կփլուզվի, բայց ես կարծում եմ չի փլուզվի, որովհետև «առնետները» գնացին, աղբը թափվեց, և իրենք արդեն առիթ ունեն կուսակցություն լինելու»,- ասաց Լևոն Շիրինյանը:
Վերջում Լևոն Շիրինյանն ասաց, թե եթե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իրենց տեսակետը պահեցին, ապա կլինեն իսկապես որակյալ քաղաքական կուսակցություն և «Հանրապետական» կուսակցությունը մեկ տարվա մեջ կունենա իսկական քաղաքական մրցակից:
Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանն էլ ասաց, թե ԲՀԿ-ի՝ ընդդիմություն դառնալը բացարձակ կապ չունի իր հետևից գնացող ընտրական խմբի կամ իր հետ հետևից գնացող հասարակության ինչ-որ մի մասի համար:
«Դու ձայն ես ստանում ոչ թե նրա համար, որ ընդդիմություն կամ իշխանություն ես, այլ լրիվ ուրիշ սկզբունքներից ելնելով, և այդ սկզբունքների մեջ քո ընդդիմություն լինել կամ չլինելը, պայմանական ասած, ունի 40-րդական նշանակություն: Ձայնը լրիվ այլ սկզբունքներով են ստանում»,- ասաց մասնագետը:
Ըստ նրա՝ բնական է, որ քաղաքական դաշտում փոփոխություններ են եղել, դա չնկատել չի լինի, քանի որ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ այլ կուսակցություն էր, առանց Գագիկ Ծառուկյանի ղեկավարության լրիվ այլ կուսակցություն է, և նույնական են միայն անունները:
«Սա միայն լիդերի փոփոխություն չէ, քանի որ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ լիդերային կուսակցություն էր, ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի ղեկավարությամբ լիդերային կուսակցություն չէ: Այսինքն, այս դեպքում կուսակցության ղեկավարը չունի այն գրավչությունը, ինչ ուներ Գագիկ Ծառուկյանը, որովհետև ԲՀԿ-ին ձայն տվողները երկու մասի էին բաժանվում: Մի մասը ձայն էր տալիս ԲՀԿ-ին՝ ելնելով նրանից, որ կուսակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, մի մասն էլ ուղղակի շահագրգռված էր ձայն տալիս, ինչպես «Հանրապետականին» են ձայն տալիս»,- մանրամասնեց Արմեն Բադալյանը:
Վերջինս ասաց նաև, թե այժմ այդ սկզբունքն այլևս չի գործելու, իսկ դա նշանակում է, որ իմիջային փոփոխություն պետք է տեղի ունենա ԲՀԿ-ի միջև:
«Կուսակցությունն իր ռազմավարությունը պետք է փոխի: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, մենք կարող ենք ասել, որ քաղաքական դաշտում մնացել է երկու հիմնական ուժ, մեկը Հանրապետական կուսակցությունն է, որն ունի վարչական ռեսուրսներ, և «Հայ ազգային կոնգրեսը», որը հասկանալի է՝ բավական թուլացած է, գործում է քաղաքական դաշտում, բայց չունի այն ազդեցությունը, ինչ մինչ այս նա ունեցել էր»,- ասաց պարոն Բադալյանը:
Եզրափակելով իր խոսքը, նա ասաց նաև, թե այս ամբողջ քաղաքական, ներքաղաքական վերադասավորումներին, փոփոխություններին հասարակությունը դրսևորեց քար անտարբերություն, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հասարակությունը չի ուզում գործ ունենալ ներքաղաքական գործընթացների հետ: