Հիմնադիր խորհրդարանի մուտքը Գյումրի խոչընդոտվել է. նրանք եղել են Արթիկում, Մարալիկում


17:02 , 7 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Ավտոերթով Շիրակի մարզ մեկնած «Հիմնադիր խորհրդարանը» որոշում է կայացրել Գյումրի չգնալ, և լինել մոտակա տարածքում՝ Մարալիկում, Արթիկում, քանի որ  Գյումրի քաղաքի մուտքի մոտ հավաքված մի քանի տասնյակ երիտասարդները սպառնացել էին տարածքում աշխատող լրագրողներին, հայհոյել նրանց։ 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղար Վարդան Հակոբյանը:

«Մեզ տրամադրվեց ուղեկցող ԳԱԻ- մեքենա, որն ասացինք, որ բավարար չէ, դուք պետք է ուղեկցող խումբ տրամադրեք»,- ասաց Վարդան Հակոբյանը:

Այս ամենի արդյունքում, ի վերջո, որոշվել է չեղարկել քաղաք այցելությունը և նույն միջոցառումն անել Գյումրիի մոտակա տարածքում: «Ուղղակի ասպարեզ են հանվել կրիմինալ տարրերը, և մենք այս անգամ էլ  այնպես արեցինք, որ առիթ չտանք հերթական բռնությանը»,- ասաց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի քարտուղարը:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամները Գյումրի այցելած են եղել կրկին ընտանիքներով՝ կանանցով ու երեխաներով: