Ի՞նչ է տեղի ունեցել ԲՀԿ-ի և եզդիների միջև․ Ուշագրավ մանրամասներ


16:06 , 7 մարտ, 2015

1in.am-ը գրում է․

sad

2012  թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում  82-րդ և 83-րդ համարները զբաղեցնում էին Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները՝ Ռուստամ Մախմուդյանը և  Օվչի Ամոյանը:

Երբ  նախորդ տարվա ամռանը պատգամավորական մանդատը վայր դրեց Գրիգոր  Գրիգորյանը (Շերիֆ), պատգամավոր դառնալու հերթը Ռ. Մախմուդյանինն էր, սակայն ԲՀԿ-ն քննարկեց և մանդատ տվեց ցուցակի 88-րդ համարին՝ Տիգրան Ներսիսյանին:

Մենք արդեն անդրադարձել ենք այն տեղեկություններին, որ այս որոշումը «Բարգավաճ  Հայաստանը» կայացրել է  առանց Մախմուդյանի հետ խորհրդակցելու, նրան տեղյակ պահելու: Վերջինս մամուլի հրապարակումներից էր իմացել ԲՀԿ-ի որոշման մասին:

Հետագայում ԲՀԿ-ին պատկանող  «Կենտրոն» հեռուստաընկերությունը  ռեպորտաժ էր պատրաստել՝ հեռուստադիտողներին վստահեցնելու, թե Մախմուդյանը  սեփական կամքով է որոշել հրաժարվել պատգամավորական մանդատից:  Իբրև թե Ռուստամ Մախմուդյանը ինքը չի ցանկացել դառնալ պատգամավոր, քանի որ նախընտրական շրջանում Արագածոտնի մարզի եզդիական գյուղերը  «Բարգավաճ Հայաստան»-ի համար բավարար ձայն չեն հավաքել:

Հիմա, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցությունն ու կուսակցությունն ամեն օր լքում են պատգամավորներ, և դեռ մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում ևս մի քանիսը վայր կդնեն մանդատը,  «Առաջին լրատվական»-ը Ռուստամ Մախմուդյանից հետաքրքրվեց, գուցե ԲՀԿ-ն ի վերջո  կատարի՞ իր խոստումը ու ազգությամբ եզդի պատգամավոր ներկայացված լինի խորհրդարանում:

Ներկայացնում ենք Ռուստամ Մախմուդյանի հետ մեր հարցուպատասխանը:

-Պարոն Մախմուդյան հնարավո՞ր  է  հիմա, երբ ԲՀԿ-ում բազմաթիվ թափուր տեղեր կան, Ձեզ  պատգամավորական մանդատ առաջարկեն:

-Չէ, երբ մարդը մի անգամ ցուցակից դուրս է գալիս իրավական կարգավորվածություն չկա, որ նորից կարող է հայտնվել ցուցակում: Այսինքն՝ այն անձինք, ովքեր արդեն դուրս են եկել, չեն կարող վերստին ցուցակում ընդգրկվել ու նման քննարկումներ չեն գնում: Այս պահին որ համարի վրա կանգ առած լինի՝ դրանից հետո եղած մարդկանց հարցը կարող է քննարկվել:

Երբ ինձնից հետո մարդ նշանակեցին, իմ հարցն օրակարգից դուրս եկավ:  Ես անկուսակցական էի, հիմա էլ եմ անկուսակցական,  ու այդ դեպքերից   հետո ասացի՝ կգնամ ու կզբաղվեմ ինձ ավելի հոգեհարազատ մասնագիտական գործունեությամբ: Չնայած պատգամավորական գործունեության մի մասն էլ առնչվում է իրավաբանությանը, բայց կարծում եմ՝ շատ մեծ բան չեմ կորցրել:

-Լավ, խորհրդարանում Ձեզ չընդգրկեցին, բայց 2012 թվականից ի վեր գոնե  աջակցություն Ձեր համայնքին եղե՞լ է: Չէ՞ որ նախընտրական շրջանում բազմաթիվ խոստումներ  է ԲՀԿ-ն Ձեզ  տվել:

-Իմ ունեցած տեղեկություններով՝աջակցությունը եղել է բացառապես այն, որ ԵԽԽՎ-ում տիկին Զոհրաբյանն անդրադարձել է   եզդիների ցեաղասպանության հարցին: Իսկ ՀՀ-ում եզդիական համայնքին աջակցություն ցուցաբերելու մասին տեղյակ չեմ:

-Այսինքն՝ 2012 թվականից ի վեր այդ մի դե՞պքն եք կարողանում վերհիշել:

-Ես այս պահին դա եմ հիշում: Գյուղական շատ համայնքներ ունենք, որ գազի ու ջրի խնդիր ունեն, և այդ առումով աջակցություն չի եղել:

-Պարոն Մախմուդյան, ի՞նչ տեղի ունեցավ մեր վերջին հարցազրույցից հետո: Մեզ հետ զրույցում հայտարարեցիք, որ առանց Ձեզ հետ քննարկելու զրկել են Ձեզ խորհրդարան ընդգրկվելու հնարավորությունից՝ երբ ցուցակով արդեն Ձեր հերթն էր, իսկ հետագայում ԲՀԿ-ին պատկանող «Կենտրոն»-ով ասացիք, որ ինքնակամ եք հրաժարվել: Ինչ-որ ճնշումնե՞ր են եղել:

-Ես կարծում եմ, ես «Կենտրոնով» չեմ ասել, որ Դուք աղավաղել եք ինձ հետ հարցազրույցը: Ես ասացի, որ թեման փակ է  ինձ համար, իսկ«Կենտրոն»-ը իմ խոսքի կոնտեքստից ինչ-որ բան էր կտրել: Եղել է  իմ ու Ծառուկյանի միջև հանդիպում, ու Ծառուկյանն ասել է՝ գիտեք,  Ձեր համայնքը բավարար չափով ձայներ չի տվել, մենք չենք տանում Ձեզ խորհրդարան: Ես էլ հարցրեցի իրենց՝ կարո՞ղ եմ այդպես հեռուստատեսությամբ հայտարարել, ասացին՝ այո: Բայց եթե շատ ավելի խորը մտածեին, պետք է չհամաձայնվեին: Ես «Կենտրոն»-ում տվեցի հարցազրույց ու ասացի, որ պարոն Ծառուկյանն ասել  է՝  քանի որ Արագածոտնի շրջանի Թալինի ժողովրդի մեծ մասը ԲՀԿ-ին ձայն չի տվել…: Բայց իրենք սարքեցին այնպես, իբրև թե ես էլ եմ համոզվել ու եկել այդ   հետևությանը: Եթե հիշում եք, ես երբեք չեմ ասել, որ Դուք աղավաղել եք:

-Ամեն դեպքում այդպես էր ստացվում:

-Ես Իվետայի հետ էլ փորձեցի կապվել, տեղյակ պահել: Բայց ինձ համար այդ թեման փակ էր դեռ այդ ժամանակ: Ուրիշ պատճառ վստահաբար չի եղել: