13:06 , 7 մարտ, 2015
Tert.am-ը գրում է․
Մարտի 8-ին նախօրեին արդեն ծաղկի գինը աստղաբաշխական թվերի է հասել: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն արձանագրել է՝ գինը թանկացել է 200%-ով: «Շուկայական տրամաբանությունը չկա: Եվրոպական շուկայում պահանջարկի դեպքում գինն իջնում է, իսկ մեզ մոտ ասիական բազար է, վաճառվում է, ուրեմն՝ գինը բարձրացնում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգը:
Սոցիոլոգն ընդգծեց, թե շուկան է թելադրում գինը և այլ բան անել չի մնում, քան հարցի համար սեփական լուծումը գտնելը: Ինքն, օրինակ, գտել է իր տարբերակը. 4 աղջկա հայր է, բայց Մարտին 8-ին նվեր տալու մասին վաղուց մոռացել է: «Կշնորհավորեմ, մի շամպայն ունեմ, կբացեմ: Կարևորը ոչ թե նվերն է, այլ այն, որ կանայք տեսնեն, որ տոնը հիշում են։ Տղամարդիկ կարող են առավոտյան սուրճ մատուցել, կանայք տեսնեն, որ ափսեները լվացված են, այսինքն՝ մարդկային վերաբերմունք ցուցաբերեն»,- ասաց նա:
Նա նաև ընդգծեց, որ կանայք էլ իրենց հերթին պետք է ըմբռնումով մոտենան տղամարդկանց հնարավորություններին:
«Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն էլ իր հերթին արձանագրել է, որ ծաղկի գինը մոտ երեք անգամ թանկացել է։ «Այս ուրախ տոնին, բարդությունները չոքում են դուռդ. 7,500 դրամով ծաղիկ առնել կլինի՞»,- հարցրեց նա և լուծում առաջակեց. «Պետք է հարցին փիլիսոփայորեն նայել, ուշադրություն չդարձնել և անպայման նշել՝ սիմվոլիկ ձևով»,- նշեց նա:
Ի դեպ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ընդգծեց, թե սոցհարցումները ցույց են տվել, որ հայերի սիրած տոներից առաջին տեղում Նոր տարին է, հետո ծննդյան տարեդարձը և Մարտի 8-ը: