Ե՞րբ և ինչպե՞ս դիտել Անի Երանյանի և Մովսես Երեմյանի մասնակցությամբ «Խաղ իմ կանոններով» ֆիլմը համացանցում


12:39 , 7 մարտ, 2015

Exclusive

Անի Երանյանի և Մովսես Երեմյանի մասնակցությամբ՝ «Խաղ իմ կանոններով» ֆիլմը վաղը կհայտնվի համացանցում՝ Youtube-ի պաշտոնական ալիքում։ Այս մասին BlogNews.am-ին հայտնեց ֆիլմում Ժանի կերպարը մարմնավորած դերասան Արթուր Պետրոսյանը։

Նա նշեց, որ որոշումը կայացրել են՝ հաշվի առնելով մեծ թվով հանդիսատեսի խնդրանքները։ «Այսպիսով՝ ֆիլմը կտեսնեն նաև արտերկրում գտնվող հայերը»,-ասաց Արթուրը՝ նշելով, որ օրվա ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1 տարի առաջ հենց այս օրն էր կայացել պրեմիերան։

Չնայած ֆիլմի շուրջ ձևավորված սկանդալային պատմությունները (բաժանումից հետո Անի Երանյանի և Մովսես Երեմյանի՝ միասին ներկայանալը, համբույրի տեսարանը և այլն) հետաքրքրության ալիք էին բարձրացրել՝ այն երկար չմնաց էկրաններին։ Ըստ հասարակական քննարկումների՝ պրեմիերայից 1-2 ամիս անց ֆիլմը ցուցադրվում էր Մոսկվա կինոթատրոնի ամենափոքր դահլիճում: Արթուրի հավաստմամբ՝ ֆիլմը ցուցադրվել է 5 ամիս, 3 ամիսը՝ մեծ դահլիճներում, 2 ամիսը՝ փոքրում՝ օրական 4 անգամ։


Ինչ վերաբերում է BlogNews.am-ի հարցին, որ մեր տեղեկություններով՝ ստեղծագործական կազմը նպատակ ուներ ֆիլմը կրկին ցուցադրել Երևանի կինոթատրոններում, ի՞նչը խանգարեց, որ այն կրկին էկրան բարձրանա, Արթուրը խուսափեց ուղիղ պատասխանից՝ կրկնելով, որ «Խաղ իմ կանոններովը» տեղադրում են համացանցում, որպեսզի հասանելի լինի նաև այն մարդկանց համար, ովքեր գտնվում են Հայաստանից դուրս։ Ավելին ասել դերասանը չցանկացավ։

Ամալյա Հովհաննիսյան