«Հայկական ժամանակ». Այս տարի սահմանի վրա ԱԱՀ–ի վճարման արտոնություն ստանալու ոչ մի հայտ չի ներկայացվել


09:48 , 7 մարտ, 2015

«ՀՀ կառավարությունը, ըստ ամենայնի, հրաժարվել է խոշոր ներդրումներ կատարող ընկերություններին սարքավորումներ ներկրելիս սահմանի վրա գանձվելիք Ավելացված արժեքի հարկի վճարման արտոնություններ տրամադրելու գործընթացից: Համենայն դեպս, այս տարի որևէ ընկերություն նման արտոնություն դեռ չի ստացել: Նախկինում գրեթե ամեն շաբաթ կառավարությունը 200 միլիոն դրամը գերազանցող արժեքով սարքավորումներ ներկրող մեկ-երկու ընկերությունների ազատում էր ԱԱՀ-ն անմիջապես սահմանին վճարելու պարտավորությունից և դրա համար տալիս էր մինչև 3 տարի ժամանակ:

Վերջին երկու տարիների ընթացքում կառավարությունը հարյուրավոր այդպիսի որոշումներ է կայացրել: Այսպիսի արտոնություն վերջին անգամ կառավարությունը տվել է անցած տարվա դեկտեմբերի 25-ին: Մեր տեղեկություններով, այս տարվա ընթացքում այդպիսի արտոնություն ստանալու հայտեր դեռ չեն եղել, և դա խոսում է այն մասին, որ արտադրություն հիմնելու ցանկություն ունեցող ներդրողների խիստ պակաս է զգացվում: Բացի դրանից եթե հայտեր էլ լինեն, ապա կառավարությունը դժկամությամբ կգնա այդ քայլին, քանի որ սահմանի վրա ԱԱՀ-ն չգանձելը բերում է հարկային եկամուտների նվազեցմանը, իսկ հիմա բյուջեն առանց դրա էլ չի հավաքվում»,–գրում է թերթը։