Անհանգստանալու լուրջ առիթ չկա, ջերմաստիճանի անկումը և տեղումները պտղատու ծառերին վնաս չեն կարող տալ. փոխնախարար


21:39 , 6 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Ջերմաստիճանի անկումը և տեղումները պտղատու ծառերին վնաս չեն կարող տալ, քանի որ  այս պահի դրությամբ Արարատյան հարթավայրում ծաղկած ծառեր չկան, իսկ Մեղրիի շրջանում, որտեղ արդեն ծիրանենիները ծաղկել են, ցրտահարություն չի կանխատեսվում.  Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։ 

«Լավատեսական տրամադրվածություն ունենք, անհանգստանալու լուրջ առիթ չենք տեսնում, եթե գրանցվի ջերմաստիճանային այնպիսի ռեժիմ, որը որ կանխատեսվում է։ Բացարձակապես որևէ վնաս այս պահի դրությամբ չկա, հարթավայրում չունենք ծաղկած պտուղներ, ծիրանենին և դեղձենին արդեն բողբոջների ուռչելու պրոցեսում են, բայց դեռևս ամբողջությամբ ծաղկած ծառեր Արարատյան հարթավայրում չունենք»,-ասաց նա։

Ըստ փոխնախարարի՝ Տավուշի մարզում միայն բալենին և նշենին է ծաղկել, այնտեղ միայն անձրև է տեղացել, և զրոյից բարձր ջերմաստիճան է գրանցվել։ Մեղրի քաղաքում և հարակից ցածրադիր համայնքներում, ըստ նրա, այս պահին ծիրանենին ծաղկման փուլում է գտնվում, և արդեն իսկ տեղեկացել են, որ գիշերը գրանցվել է +7 աստիճան ջերմություն, և այս պահին անձրևի տեսքով տեղումներ են։

«Հույս ունենք, որ ջերմաստիճանի լուրջ անկում չի լինի»,-ասաց նա և հավելեց, որ մինչև անգամ -7 աստիճան գրանցվելու դեպքում էլ վտանգ չկա։

Գառնիկ Պետրոսյանը նշեց, որ հիմնականում պտղատու ծառերի ծաղիկը դեռևս թեփուկներով պատսպարված է, և ջերմաստիճանի անկման դեպքում, եթե մի փոքր նույնիսկ սպիտակ  ծայրեր կան, անմիջապես հետ են քաշվում։

«Ինքնապաշտպանական  բնազդ կա բույսի մեջ, և անբարենպաստ ջերմաստիճանին արձագանքում են և հետ կանչում։ Նույնիսկ ցանկալի երևույթ կարելի է համարել ջերմաստիճանի անկումը, քանի որ ցածր ջերմաստիճանի պարագայում մի քանի օր ևս կերկարաձգվի պտղատու ծառերի ծաղկումը»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ այս գիշեր սպասվում է ջերմաստիճանի անկում՝ տեղումներով։

«Մի շարք տարածաշրջանում, հանրապետության բարձրադիր գոտում ձյան տեսքով են տեղումներ դիտվել և եթե գիշերը գնա եղանակի պարզեցում, ինչը շատ հավանական է, ապա  մինչև 5, 6 և մինչև 7 աստիճան 0-ից ցածր ջերմաստիճան է կանխատեսվում, իսկ եթե լինի ամպամածություն, ավելի մեղմ ջերմաստիճանային ռեժիմ։ Բայց վտանգ չեմ տեսնում, որ ցածր  ջերմաստիճանի  պարագայում կարող են էական կորուստներ լինել»,-ասաց նա։