15:28 , 6 մարտ, 2015Ապրիլի 21-ին մառախլապատ, անձրևոտ օր էր: Քյոսա Բինբաշին վճռել էր այդ օրն անպայման ընկճել հայերի դիմադրությունը և գրավել Գելիեգուզանը: Սասունցիները՝ ծեր ու մանուկ, մասնակցում էին ճակատամարտին: Հայերը կռվում էին աներևակայելի խելահեղությամբ, կյանքի գնով պաշտպանում յուրաքանչյուր թիզ հող: Կանայք շալակով փամփուշտ ու սննդամթերք էին տեղափոխում, ոգևորում կռվող տղամարդկանց: Գյուղի ռմբակոծությունը տևեց ամբողջ օրը: Անձրևն ուժեղացավ, չախմախի հրացանների պատրույգները թրջվեցին և դրանք գործածության համար անպետք դարձան: Իսկ այդ տեսակի հրացանով հիմնականում զինված էին հայերը: Դրա հետևանքով թուրքերին հաջողվեց ընդհուպ մոտենալ հայերի դիրքերին (մինչև 200 մետր): Բայց ահա սասունցիները տեղատարափ կրակ են բացում և թշնամին ետ է ընկնում: Թուրքերն իրենց հարվածի գլխավոր օբյեկտը դարձնում են Մրճելներն ու Մխիթարի խոռը, որտեղ դիրքեր էին գրավել Սպաղանաց Մակարի և Կոտոյի Հաջիի ջոկատները: Վերջինիս զբաղեցրած դիրքը գրավել հաջողվում է, սակայն Մակարը անսասան մնաց, չնայած թուրքերը նրա դիրքերն անընդմեջ ռմբակոծության էին ենթարկում: Հայերին հաջողվեց իրենց ձեռքում պահել նաև Գրեգոլն ու նրա շրջակայքը, որոնք վճռորոշ դեր էին խաղում գյուղի պաշտպանության գործում: Հայերը նաև հակահարձակումների էին դիմում, որի շնորհիվ թուրքերը շփոթի էին մատնվում և զրկվում նոր, ընդհանուր գրոհ կազմակերպելու հնարավորությունից: Այդ օրերի կռիվների մասին Մուշից ապրիլի 24-ին գրեցին. «Ապրիլի 20-ի գիշերն էր, որ թուրք զորքն ու քուրդ աշիրեթները ահագին բազմությամբ հարձակում գործեցին Գելիի վրա, որն արդեն պաշարված էր 10-12 լեռնային թնդանոթներով: Առավոտյան ժամը 7-ից թնդանոթները սկսում են որոտալ և հրացանաձգությունը քրդերի ու թուրքերի կողմից շարունակվում է մինչև երեկո: Հայերը՝ ժողովուրդը և ֆիդայիները, դյուցազնաբար դիմադրեցին»...
Հատված «Ինձ բահ տվեք…» (Գևորգ Չաուշ) փաստագրական վեպից: