12:50 , 6 մարտ, 2015
Լիբերալ միլիարդատեր Ջորջ Սորոսը 33 միլիոն դոլար է հատկացրել սոցիալական արդարության հարցերով զբաղվող կազմակերպություններին՝ նրանց օգնելով Ֆերգուսոնի միջադեպերի պատճառով առաջացած տեղական բողոքի ցուցերը վերածելու ազգային շարժման։
Հայտնաբերված փաստաթղթերում բացահայտվել է ճգնաժամի զարգացման վրա մեծակշիռ ազդեցություն թողնելու նպատակով Սորոսի անձնական հիմնադրամից տասնյակ տարբեր կազմակերպությունների՝ գումարների փոխանցման մասին տեղեկատվությունը։
Սորոսի ֆինանսավորումն օգտագործելով՝ Վաշինգթոն Դի Սիի և Նյու Յորքի պրոֆեսիոնալ կազմակերպությունները Միսսուրի տեղափոխվեցին միջադեպի և բողոքի ակցիաների մասին տեղեկատվության տարածումը համակարգելու համար։
Նվիրատվությունների հսկայական հոսքը բացահայտվել է «the Washington Times»-ի կողմից` Սորոսի Բաց հասարակության հիմնադրամի հարկային վերջին ուսումնասիրության ընթացքում:
Գումարներն օգտագործվել են համայքներում ակտիվիստների փողոց հանելու և ամիսների ընթացքում մի շարք բողոքի ցույցեր իրականացնելու նպատակով։
Միևնույն ժամանակ Քաղաքական, տնտեսական խնդիրների պրոֆեսիոնալ խորհրդի կողմից փաստաթղթեր են տարածվել քաղաքացիական անկարգությունների մասին հավելյալ տեղեկություններ տարածելու նպատակով, որոնք կապված են Սթեյթեն Այլենդում Էրիկ Գարների և Օհայոյի Քլիվլենդ բնակավայրում Տամիր Րայսի սպանությունների միջադեպերի հետ։
Սորոսի ֆինանսավորած կազմակերպությունները, սոցիալական ցանցում ունեցած իրենց ներկայությունն օգտագործելով, «like»-երի, վերահրապարակումների ու մեկնաբանությունների վրա են աշխատել՝ իրենց տեսակետը համացանցում տարածելու համար։

Սորոսի հիմնադրամի տնօրենն նշել է, որ հիմնադրամն ուղղակի կառավարում չունի այն խմբերի նկատմամբ, որոնց ֆինանսավորում է հատկացնում՝ ավելացնելով, որ իրենք փորձում են բարելավել դրանց աշխատանքն ու վստահելիությունը։
«The Washington Times»-ին տված իր հարցազրույցում նա մասնավորապես նշել է.
Խմբերի վարած քաղաքականության միավորմանն օգնելը, ինչպես նաև հետազոտությունների անցկացումն ու տվյալների հավաքագրումը համայնքի ձևավորման հետ միասին այն միջոցն է, որով մեր հասարակությունն ավելի պատասխանատու ու վստահելի է դառնում։
Սթեյթեն Այլենդում, Քլիվլենդում, թե Ֆերգուսոնում տեղի ունեցած ցույցերն ինքնաբուխ են եղել, մենք հնարավորություն ու կարողություն չենք ունեցել դրանք կառավարել կամ թելադրել մարդկանց այս կամ այն բանն ասել։
Սորոսի գումարները ներդրվել են նաև սոցիալական լրատվամիջոցների իրականացրած արշավների մեջ՝ Ֆերգուսոնի միջադեպն ազգային գիտակցության մեջ ներդնելու նպատակով։
Կազմակերպություններից մեկը՝ «Black Struggle»-ը, որը Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում է ստացել, և որն իր հերթին ստեղծել է «Ձեռքերը վեր» կոալիցիոն խումբը, օգնել է «Ձեռքերը վեր, մի կրակիր» կարգախոսը համատարած դարձնել։
Այս նշանաբանը ստեղծվել է ականատեսի պատմածների հիման վրա, ըստ որի՝ Մայքլ Բրաունը ձեռքերը վեր հանձնվել է ոստիկան Դարել Ուիլսոնին, ով նրա վրա մահացու հրազենային կրակ է բաց թողել օգոստոսին Ֆերգուսոնում։

Սորոսը նաև գումարներ է հատկացրել Թմրանյութերի քաղաքականության միությանը, որն աշխատել է «սևերի կյանքն էլ է կարևոր» նշանաբանի տարածման վրա՝ որն իր հերթին ներառվել է հայտնի քաղաքական գործիչների ելույթների մեջ, այդ թվում՝ Հիլարի Քլինթոնի։
Միլիարդատերի կարողությունը դիզվել է ֆինանսական շուկաների սպեկուլյացիայի միջոցով, մասնավորապես 1990-ականներին՝ ֆունտ ստերլինգի սպեկուլյացիայի միջոցով օգնելով կաթվածահար անել բրիտանական ֆինանսական համակարգը։
Այժմ Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում նա 400-րդն է՝ մոտավորապես 24 միլիարդ դոլար կարողությամբ։