20:04 , 5 մարտ, 2015
Tert.am-ը գրում է․
Ակտիվ քաղաքականությունից այսօր հեռացած, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Իվետա Տոնոյանը կուսակցությունից հեռանալու դիմում է գրել: Նա շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար:
Այս մասին հայտարարեց Իվետա Տոնոյանը՝ Tert.am-ի հետ զրույցում։
Նա հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչ է լինելու կուսակցության գրասենյակների հետ, որոնք վարձակալվել են Գագիկ Ծառուկյանի ֆինանսական միջոցներով:
«Քանի որ այդ հարցը վերաբերում է կուսակցությանը, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասով այլևս կոմպետենտ չեմ պատասխանել որևէ հարցի, անգամ եթե դա վերաբերում է տեխնիկական հարցերի»,-ասաց նա։
Նա ավելացրեց, որ ինչպես իր ելույթում հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը, վերջինս շարունակելու է երկրում իրականացնել բարեգործություններ՝ եկեղեցիների կառուցման, շինարարության տեսքով, և այլն. «Եվ դա ենթադրում է, որ պարոն Ծառուկյանը շարունակելու իր բարեգործական գործունեությունը, այդ թվում՝ նաև Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շրջանակներում»:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք բարեգործությունները նախկին ծավալով կշարունակվեն և նույն ծրագրային ուղղվածություններով, ապա Իվետա Տոնոյանը ասաց, որ ծավալների, «միգուցե նաև ընդլայնվող շրջանակների մասին» այս պահին չի կարող ասել:
Կուսակցության գրասենյակի հետ կապված՝ զանգահարեցինք նաև կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանին։ Վերջինս, սակայն, չպատասխանեց հեռախոսազանգերին:
Հիշեցնենք, որ նա օրեր առաջ հայտարարել էր, որ այլևս իրեն իրավասու չի համարում հանդես գալ «Բարգավաճ Հայաստանի» անունից: