18:05 , 5 մարտ, 2015Յուրաքանչյուր երկիր յուրահատուկ է իր մշակույթով, բնությամբ, բայց նաև իր օրենսդրությամբ, կարգերով, գնագոյացման քաղաքականությամբ և այլն։ Տարբեր երկրների մինիմալ աշխատավարձերը համեմատելն այդքան էլ հեշտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, որովհետև մի երկրում նվազագույն աշխատավարձի չափը կարող է տարբերվել մարզից մարզ, մեկ ուրիշում՝ ոլորտից ոլորտ, իսկ մեկ այլ երկրում աշխատավարձի չափը կարող է տատանվել՝ կապված աշխատակցի տարիքից և այլն, և այլն։
Կան նաև այնպիսի երկրներ, որտեղ ընդունվել է նվազագույն աշխատավարձի մասին օրենք, բայց, ցավոք, այդ օրենքն ամեն տեղ չէ, որ 100 տոկոսով է կյանքի կոչվում, ու իրական նվազագույն աշխատավարձը շատ ավելի ցածր է լինում նախանշվածից։ Այսքանով հանդերձ՝ կան այնպիսի երկրներ, որտեղ այդ մինիմալ սանդղակը սահմանված է ու սրբորեն պահպանվում է։
Այս ցուցակում ընդգրկվել են ամենաբարձր նվազագույն աշխատավարձի ցուցանիշ ունեցող երկրները, որտեղ նվազագույն աշխատավարձի չափն ամրագրված է օրենքով, ու որպես հիմք ընդունվող թվերը կներկայացնենք ամերիկյան դոլարով, որպեսզի մեր ընթերցողին ավելի հասկանալի լինի։
10. Շվեյցարիա
Շվեյցարիան գեղատեսիլ լեռների, հրաշագեղ լճերի ու ալպյան մարգագետինների երկիր է։ Բացի դրանից, այն մեզ մոտ ասոցացվում է ժամացույցների ու անթերի բանկային համակարգի հետ։ Շվեյցարիայում աշխատավարձի չափը կարգավորվում է աշխատակիցների ու ղեկավարության միջև համաձայնությամբ, սակայն այստեղ գործում են չգրված ստանդարտներ, որոնց համաձայն՝ որակավորված աշխատակցի աշխատավարձը տատանվում է 2250-ից 4362 դոլարի սահմաններում, իսկ չորակավորված մասնագետների պարագայում՝ 1769-ից 3377 դոլարի սահմաններում։
9. Սան Մարինո
Սան Մարինոն աշխարհի ամենափոքր երկրներից մեկն է։ Այն գտնվում է Եվրոպայի հարավում ու անկլավ է Իտալիայի տարածքում։ Սան Մարինոյում աշխատակցի մինիմալ ժամավճարը 9 դոլար է կազմում, ինչը տարվա կտրվածքով նվազագույն աշխատավարձի չափը հասցնում է 15700 դոլարի։ Այս երկրում գործունեության հիմնական ոլորտներն են ֆինանսները, ծառայություններն ու զբոսաշրջությունը, բայց դա չի խանգարում, որպեսզի Սան Մարինոն պարծենալու առիթ ունենա ի դեմս կայուն տնտեսության ու Եվրոպայում գործազրկության ամենացածր մակարդակի։
8. Նոր Զելանդիա 
2012 թվականին Նոր Զելանդիայում օրենք ընդունվեց, համաձայն որի՝ բոլոր այն 16-17 աշխատակիցները, ովքեր աշխատանքը համատեղում են ուսման հետ, պետք է ստանան նվազագույնը 8.5 դոլար չափով ժամավճար։ Այս թիվն հասնում է 10.8 դոլարի, եթե աշխատակցի տարիքը 18 տարեկան է, իսկ 16 ցածր անձանց աշխատել չի կարելի։ Այսպիսով, Նոր Զելանդիայում տարեկան մինիմալ աշխատավարձը կազմում է մոտ 16.500 դոլար։
7. Կանադա
Կանադայում նվազագույն աշխատավարձի չափը կախված է նրանից, թե երկրի որ մասում ես աշխատում։ Հիմնականում նվազագույն ժամավճարի թիվը տատանվում է 9-10.5 դոլարի սահմաններում։ Կանադան բարձր գլոբալիզացման մակարդակ ունեցող երկիր է՝ խառը տնտեսությամբ, որն էապես ինտեգրված է ԱՄՆ-ի տնտեսության հետ։ Բացի դրանից, Կանադան աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում եկամուտների անհավասարության ամենացածր մակարդակով։ Կանադայում նվազագույն տարեկան աշխատավարձը կազմում է միջինում 16.700 դոլար։
6. Ֆրանսիա
Ֆրանսիայում գործում է օրենք, որը բավականին մանրամասն կանոնակարգում է բոլոր պայմաններն ու պահանջներն աշխատանքի տևողության ու աշխատավարձի չափերի շուրջ։ Ֆրանսիայում նվազագույն աշխատավարձի ժամավճարը կազմում է 12.4 դոլար, իսկ ամսվա կտրվածքով՝ 1850 դոլար, որովհետև այն հաշվարկվում է 7 ժամանոց աշխատանքային օրով։ Այս թվերը գործում են 2011 թվականի դեկտեմբերից, ու Ֆրանսիայում տարեկան նվազագույն աշխատավարձը կազմում է 17.100 դոլար։
5. Մեծ Բրիտանիա 
2011 թվականի հոկտեմբերի 1-ին Մեծ Բրիտանիայում օրենք ընդունվեց, որով կանոնակարգվեց երկրում գործող նվազագույն աշխատավարձերի հարցը։ 18-ը չլրացած այն անձինք, ովքեր ստացել են պարտադիր ընդհանուր կրթություն, ստանում են առնվազն 5.75 դոլար կազմող ժամավճար, 18-20 տարեկանները՝ 7.8 դոլար ժամավճար, իսկ 21 տարեկան դառնալուց հետո Միացյալ Թագավորությունում Ձեզ կվճարեն 9.7 դոլար մեկ ժամվա համար։ Այսպիսով, Մեծ Բրիտանիայում տարեկան նվազագույն աշխատավարձը կազմում է մոտավորապես 18.400 դոլար։
4. Բելգիա
2012 թվականի դեկտեմբերի 1-ից Բելգիայում ուժի մեջ մտավ նվազագույն աշխատավարձի մասին օրենքը, որը վերաբերվում է բոլոր այն մարդկանց, ովքեր արդեն 21 և ավելի տարեկան են։ Օրենքով սահմանվում է, որ 21 տարին լրանալուն պես աշխատակիցը ստանալու է նվազագույնը 1980 դոլար ամսական աշխատավարձ։ 6 ամիս անց այդ աշխատակիցն արդեն ստանում է 2042 դոլար, պայմանով, որ նա դրան նախորդող 6 ամիսն աշխատել է։ Երբ այդ աշխատողի 22-ը լրանա, մինիմալ աշխատավարձը կկազմի 2.066 դոլար։ Արդյունքում, մինիմալ աշխատավարձը Բելգիայում տարեկան կտրվածքով կազմում է մոտ 18.800 դոլար։
3. Իռլանդիա
Իռլանդիայում աշխատանքը կանոնակարգող վերջին օրենքներն ընդունվել են 2007 թվականին, որոնցով ի թիվս այլ բաների՝ սահմանվում է նվազագույն 11.45 դոլար դրույքաչափ, ինչը նվազագույն աշխատավարձը տարեկան կտրվածքով դարձնում է 20.000 դոլար։
2. Լյուքսեմբուրգ
Լյուքսեմբուրգում աշխատավարձերի կառուցվածքը հարաբերականորեն պարզունակ է և գործում է դեռ 2011 թվականից։ Լյուքսեմբուրգում աշխատավարձը հաշվարկելիս հաշվի են առնում անձնական փորձն ու տարիքը։ Այն մարդիկ, ովքեր 18 և ավել տարեկան են, ստանում են 2387 դոլար նվազագույն աշխատավարձ, բայց այս թիվը ստանում են միայն չորակավորված աշխատակիցները, իսկ այն աշխատակիցները, ովքեր որակավորված են և ունեն աշխատանքային փորձ, ստանում են 20 տոկոսով ավելի շատ, այսինքն՝ մինչև 2864 դոլար։ Լյուքսեմբուրգում ամենաքիչը ստանում են անչափահաս աշխատակիցները՝ 1790 դոլար ամսական աշխատավարձ։ Նրանց տարեկան եկամուտը կազմում է 19400 դոլար։
1. Նիդերլանդներ
Աշխարհում ամենաբարձր նվազագույն աշխատավարձը Նիդերլանդներում է և տարեկան կտրվածքով կազմում է միջինում 23000 դոլար։ 2012 թվականից այնտեղ օրենքով սահմանվել է, որ 23 տարեկան և ավել տարիքի աշխատակիցները պետք է առնվազն 88.5 դոլար օրավարձ ստանան, ինչն ամսական կազմում է 1916 դոլար, իսկ 15-22 տարեկան աշխատակիցները ստանում են 287.65-ից մինչև 341 դոլար նվազագույն աշխատավարձ մեկ շաբաթվա համար։