15:50 , 5 մարտ, 2015Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Հայկյան» մրցանակաբաշխության ժամանակ «Արմքոմեդի» քաղաքական երգիծական հաղորդումն արժանացել է հատուկ մրցանակի՝ որպես լավագույն երիտասարդական հաղորդաշար: Հաղորդման հեղինակներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը մրցանակը ստացել են Սերժ Սարգսյանից։

«Սա մի քանի առումով հաճելի անակնկալ էր, քանի որ ցույց տվեց, որ քննադատությունը խրախուսելի է։ Երգիծանքը նշանակում է, որ մարդիկ կարողանում են կողքից տեսնել իրենց և ծիծաղել»,- BlogNews.am-ին ասաց նա և նշեց, որ մրցանակներով իրենց սիրտը շահելը հեշտ չէ։ «Մեր սիրտը շատ դժվար շահվող է։ Առնվազն 3-4 «Հայկյան» մրցանակ է պետք սիրտ շահելու համար։ Կարելի է դիտել առաջիկա հաղորդումներն ու տեսնել՝ փոփոխություն կա՞, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ ընդհակառակը՝ դա խոսում է այն մասին, որ ավելի համարձակ, սուր, հետաքրքիր նոր ձևերով կարելի է անդրադառնալ քաղաքական դաշտին»,-նկատեց Սերգեյը։
Անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է հաղորդման շրջանակներում առաջիկայում ավելի սուր տարբերակով անդրադառնան Սերժ Սարգսյանին, նա պատասխանեց. «Հաղորդումն անդրադառնում է առավել սկանդալային, աբսուրդային, հետաքրքիր թեմաներին, բանավեճերին, որոնք Ազգային ժողովում են լինում, երբ մարդիկ իրար «միս են ուտում»։ Եթե կան քաղաքական գործիչներ, որոնք այդքան էլ ակտիվ չեն և չեն տալիս թեմա, շատ դժվար է ստեղծել այդպիսին»։

Նշենք, որ «Արմքոմեդիի» նոր եթերաշրջանը կհեռարձակվի «АТV» հեռուստաաալիքով։ Ըստ Սերգեյի՝ ամեն եթերաշրջանում փորձում են փոփոխություններ մտցնել, այս անգամ ևս այդպիսիք կլինեն։ «Կփորձենք հետաքրքիր էջեր ավելացնել, հետաքրքիր ռեպորտաժներ անել, սակայն տրամաբանությունն ու ոգին մնալու է նույնը, նույն Գալուստ Սահակյանը մնալու է մեր «աստղը», և թիրախը լինելու է քաղաքական դաշտը»,- եզրափակեց նա։