14:30 , 5 մարտ, 2015
Tert.am-ը գրում է․
ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի դերը ամենահասկանալին է և պարզն է: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵՄ-ի կողմից վերանայվող և անդամ երկրների նկատմամբ տարբերակված մոտեցում ենթադրող «հարևանության քաղաքականությունում» ինչ դերակատարություն է ունենալու Հայաստանը:
«Հայաստանն ունի ընդգծված շահեր, որոնք գտնվում են հայ-ռուսական տիրույթում, ունի շահեր, որոնք ենթադրում են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացում: ՀՀ-ն ունի արժեքային համակարգ, որը հայ-ռուսական համագործակցության և արժեքային համակարգ, որը Հայաստան-ԵՄ համագործակցության տիրույթում է: Եվ մենք պետք է համադրենք դրանք, իսկ ԱլԳ-ում հարևանության շրջանակներում մեր դերն է՝ գտնել միջակայքերը, որտեղ համադրվում են և՛ արժեքները, և՛ շահերը: Մենք դա կարող ենք և պատրաստ ենք անել»,-հայտարարեց Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ ԱԼԳ-ի՝ հետայսու տարբերակված մոտեցման մասին հայտարարել էր Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Այս մասին գրում է 168.am-ը:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, ի պատասխան հարցի, թե ի՞նչ է ենթադրում տարբերակված մոտեցումը, ասաց, որ Հայաստանի նկատմամբ պետք է լինի այլ մոտեցում, Վրաստանի՝ այլ, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի՝ այլ։
Հարցին, թե արդյո՞ք անդամ երկրների նկատմամբ լավ, ավելի լավ, վատ, ավելի վատ, նման «աստիճանական» վերաբերմունք է լինելու, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ այդ վերաբերմունքը անդամ երկրներն են որոշում, թե ինչ կերպ է շարունակվելու համագործակցությունը:
«Նախկինում ինչպես էր, բոլոր անդամ 6 երկրների համար կային խաղի մեկ՝ միասնական կանոններ, և երկրները փորձում էին այդ խաղի կանոնների մեջ տեղավորել իրենց տեսլականն ու պետական, արժեքային ու քաղաքական շահերը»,-ասաց Արտակ Զաքարյանը: