Վազգեն Սարգսյանը սպարապետ չէ


12:14 , 5 մարտ, 2015

Ժողովուրդ, թարգեք էլի Վազգեն Սարգսյանին Սպարապետ ու էլի եսիմ ինչ ասելը։ Վազգենը ոչ սպարապետ ա եղել, ոչ էլ երևելի մի ռազմական ունակությունների տեր մարդ։ Ես բնավ չեմ ուզում նսեմացնել նրա ավանդն Արցախյան պատերազմի հաղթանակում, բայց այն կեղծ կերպարը, որը ստեղծվել է նրա սպանությունից տարիներ անց, շատ-շատ է տարբերվում այն իրականությունից, որ եղել է։

Վազգենը բարդ ու շատ հակասական կողմերով և քայլերով քաղաքական կերպար է եղել, որն ուներ շատ ուժեղ խարիզմա և միևնույն ժամանակ 0-ական ռազմական գիտելիքներ ու տաղանդ։ Ընդհանրապես, եթե Վազգենին դիտարկում ենք «սպարապետության» պրիզմայից, ապա խայտառակ ուռճացված պատկեր ենք ստանում։

Նախ, սիրելի հայրենակիցներ, պատերազմի ամենաբարդ ու ամենակարևոր փուլերին, երբ պատերազմը վերաճել էր ֆիդայական կիսականոնավոր ջոկատների տեղային բախումներից լիրաժեք բանակային միավորումների համատարած մարտական գործողությունների՝ տարբեր ու տարատեսակ սպառազինության ու տեխնիկայի բազմաթիվ միավորների կիրառությամբ, Վազգենն այլևս պաշտպանության նախարար չէր, ու, կարելի է ասել, 15-րդական դերակատարություն ուներ մեր հաղթական օպերացիաների մշակման ու առավել ևս կյանքի կոչման հարցում։

Իմ հիշողության մեջ «սպարապետի» ղեկավարած միակ գործողությունն Արծվաշենի խայտառակ հանձնումն էր։ Ինչո՞ւ խայտառակ. որովհետև դա Արցախյան պատերազմի այն եզակի դրվագներից էր, երբ հայկական կողմն ուներ թե՛ թվային, թե՛ տեխնիկական առավելություն ռազմաճակատի տվյալ կետում և միևնույն է՝ ծանր պարտության մատնվեց։ Ինչո՞ւ, որովհետև զորքերը ղեկավարելը գեներալների ու առհասարակ զինվորականների գործ է, այլ ոչ թե խմբագիրների, որքան էլ այդ խմբագիրը հայրենասեր լինի։

Վազգենը սիմվոլ էր, Վազգենը շատ լավ ու նաև շատ վատ բաներ է արել Հայկական բանակի կայացման համար, Վազգենը կռվի լրջացման փուլում իրոք տիտանական աշխատանք է կատարել զորքերի զենքով մատակարարելու հարցում, բայց Վազգենը ՍՊԱՐԱՊԵՏ ՉԻ ԵՂԵԼ։ Սպարապետ կոչվելու ավելի շատ իրավունք ունի նույն Սերժ Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Սամվել Բաբայանը ու այլ ռազմական գործիչներ, ովքեր կանգնած են եղել բանակի գլխին 92-ից հետո, քան Վազգեն Սարգսյանը, ով միանգամայն այլ հարցերով է զբաղված եղել ու, ունենալով որոշակի ու շատ ծանրակշիռ ավանդ, այնուամենայնիվ, առաջին տեղերում չէ եղել զորքերի գրագետ կառավարման ու հաղթական գործողությունների կերտման հարցում։

Էդ պաթոսն ուղղակի զզվելի է դարձել արդեն։ Ե՞րբ ենք սովորելու սթափ նայել մեր իսկ պատմությանը, առավել ևս, եթե այդ պատմությունը հենց մեր քթի տակ է, ու մեզանից շատերն ապրել ու ամեն ինչ հիշում են այդ տարիներից։