12:06 , 5 մարտ, 20151in.am-ը գրում է․

Աշխարհում մոտ 2 միլիարդ կանանց առօրյա լի է պայքարով ու տառապանքով, մինչդեռ 620 միլիոնն իրենց բնութագրել են որպես «բարգավաճող»։ Այս մասին են վկայում Gallup-ի նոր հետազոտության տվյալները՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Հետազոտությունն իրականացվել է հարցախույզի միջոցով, որին 2013-ին մասնակցել են 160 երկրների կանայք ու տղամարդիկ։ Պարզվել է, որ աշխարհում կանանց 61 տոկոսը պայքարում է, 26 տոկոսը բարգավաճում և 13 տոկոսը տառապում։ Այդ ցուցանիշները նույնն են մնացել այն պահից ի վեր, երբ Gallup-ը 2006 թվականին սկսել է կազմել իր «կյանքի էվոլյուցիայի ցուցիչը»։
Համաշխարհային աշխատաշուկայում, որը կազմված է 50 տոկոսով ավելի տղամարդկանցից, լրիվ դրույքով աշխատանքի ընդունվելու շանսերը տղամարդկանց մոտ կրկնակի մեծ են՝ համաձայն հետազոտության։
«Ճեղքը դեռևս կա, և այն մեծ է այնքան, որքան վերջին 5 տարիներին»,- ասել է զեկույցի համահեղինակ Ջուլի Ռեյը։
Անձնական անվտանգության ընկալումը կանանց ու տղամարդկանց մոտ կրկին տարբեր է։ Այն հարցին, թե իրենց արդյոք ապահո՞վ են զգում գիշերը միայնակ փողոցում քայլելիս, տղամարդկանց 70 տոկոսը դրական է պատասխանել՝ համեմատած կանանց 59 տոկոսի հետ։
Երկրները, որտեղ կանայք իրենց կյանքը տառապալի են համարել, եղել են քաղաքական կամ տնտեսական անկայունությամբ, կամ հակամարտությամբ պատված։
Բուլղարիան և Աֆղանստանը ցուցակի առաջատարներն են։ Նրանց հաջորդում են Հայաստանը, Հունաստանը, Ուկրաինան, Կամբոջան, Հունգարիան, Թուրքիան, Եգիպտոսն ու Մադագասկարը։
Իրենց կյանքը բարգավաճող գնահատած կանանց ամենամեծ քանակն ունեն հետևյալ երկրները՝ Իսլանդիա, Շվեդիա, Դանիա, Կանադա, Ֆինլանդիա, Ավստրալիա, ԱՄՆ, Աստրիա, Կոստա Ռիկա և Նոր Զելանդիա։
Հարցազրույցից մեկ օր առաջ իրենց տրամադրությանը վերաբերող հարցին կանանց 84 տոկոսը պատասխանել է, որ հարգալից վերաբերմունք է ստացել, 75 տոկոսը շատ ժպտացել և ծիծաղել է, 74 տոկոսը զվաճալի ժամանակ է անցկացրել, 70 տոկոսը լավ հանգիստ է ունեցել և 50 տոկոսը ինչ-որ հետաքրքրիր բան է սովորել կամ արել։ Ի տարբերություն նրանց՝ 35 տոկոսը հայտնել է, որ հարցազրույցից առաջ անհանգստության զգացում է ունեցել, 32 տոկոսը՝ սթրես է ապրել, 29 տոկոսը՝ ֆիզիկական ցավ, 22 տոկոսը՝ տխրություն և 20 տոկոսը՝ զայրույթ։
Ռեյի խոսքով՝ չնայած տարբեր երկրներում կանանց կյանքի պայմաններին՝ տվյալները ցույց են տալիս, որ հույսի պակաս չկա։