17:51 , 4 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է․
Բորիս Նեմցովի սպանության, հնարավոր մեղավորների, Նեմցովի սպանության մեսիջի մասին Araratnews-ի թղթակցի հետ զրուցեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Բորիս Նեմցովի սպանության մասին ոչ այսօր, ոչ էլ, վախենամ, հետագայում, հնարավոր լինի ստույգ ասել, թե ով է մեղավոր: Սպանության գործով շատ կասկածելի են տվյալները՝ տեսախցիկներից ընդամենը մեկն էր աշխատում, այն էլ միայն Նեմցովի սիլուետն է երևում: Ռուսաստանի իշխանությունները շատ հանգիստ կարող են ում ասես մատնանշել, որպես հանցագործության կատարողի: Բայց մի բան ակնհայտ է, որ Ռուսաստանում ստեղծվել է «զոհի դաշտ»»:
«Նրանք ովքեր դեմ են կանգնում Կրեմլի քաղաքական գծին՝ կարող են ցանկացած պահի բարձրացվել զոհասեղան», նշեց Ստեփան Սաֆարայնը: «Ռուսաստանի պես երկրում շատ հեշտ է մարդկանց օգտագործել, որպես թիրախ, իսկ եթե անհրաժեշտություն կա՝ անգամ հեռացնել: Հետևաբար, ով էլ որ իրականացրած լինի Բորիս Նեմցովի սպանությունը, կամ կատարած լինի պատվերը, ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանությունները չափազանց մեծ պատասխանատվության բաժին ունեն այս հանցագործությունը հնարավոր դարձնելու գործում»:
Այն հարցին, թե որևէ անդրադարձ կունենա՞ Ռուսաստանի վարած այս քաղաքականությունը, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց, որ Հայաստանի համար սա չափազանց վտանգավոր է: «Ըստ էության, ռուսական միջավայրը Հայաստան տեղափոխելու շատ լուրջ հեռանկարներ ունենք: Հետևաբար, կարելի է ակնկալել որոշակի ռիսկեր՝ կապված ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ»: