17:36 , 4 մարտ, 2015
Armtimes.com-ը գրում է․
Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ մերձակայքում կրակոցներ են հնչել, որի հետեւանքով 3 մարդ է զոհվել. զոհերի թվում են քրեական հեղինակություններ Երրորդմասցի Լյովիկը եւ Դրոն: Լյովիկը ԱՄՆ-ում բնակվող քրեական հեղինակություն Պզոյի՝ Արմեն Ղազարյանի եղբոր որդին է, Օշականցի Գեւորիկի ոխերիմ թշնամին:
Լյովիկը հաճախ է հայտնվել աղմկահարույց միջադեպերի կիզակետում: Նա առավել հայտնի է«ՏԷՑ-ի կռուգի» պատմությունից. 2005թ. փետրվարի 4-ին՝ ժամը 20:30-ին, Երեւանի ծայրամասերից մեկում՝ «ՏԷՑ-ի կրուգ»-ում, տեղի էր ունեցել փոխհրաձգություն: 15 րոպե տեւած կրակոցների հետեւանքով մահացել էր Մհեր Տեր-Հարությունյանը եւ վիրավորվել էին մի քանի տասնյակ մարդիկ: «Ռազբորկայի» դրդապատճառը թիվ 69 երթուղային գծի համար ծագած վեճն էր:
Ինչ վերաբերում է Օշականցի Գեւորիկին, ապա նա 2011թ. Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ կալանավորվեց: Պատճառն այն էր, որ ոստիկանները նրա մոտ հայտնաբերել էին 6,2 գրամ ափիոնանման զանգված: Սակայն ավելի ուշ Գեւորգ Մելիքյանը համաներմամբ ազատ արձակվեց:
2012-ին haynews.am կայքը գրեց, որ լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանի որդու` Մարաշցի Արթուրի եւ Երրորդ մասի հայտնի հեղինակություն Լյովիկի ընկերոջ` ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի «ախրանայի» պետի միջեւ:
Ավելի ուշ, 2014-ի մայիսին հայկական քրեական աշխարհում լուրջ խմորումներ էին սկսվել այն բանից հետո, երբ ծեծի էր ենթարկվել հայտնի «օրենքով գող» Օշականցի Գեւորիկը՝ Գեւորգ Մելքոնյանը:
Մելքոնյանին ծեծի էին ենթարկել քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ եւ «Երրորդմասցի» Լյովիկը, ով միաժամանակ նաեւ խոշոր բիզնեսների փայատեր է:
Mediamal.am կայքը այդ օրերին գրել էր, որ օրենքով գողերի մասնակցությամբ մարդաշատ «սխոդկա» է տեղի ունեցել, որի ժամանակ արդարացվել է Օշականցի Գեւորիկի պահվածքը, իսկ Քանաքեռցի Արթուրը եւ Երրորդմասցի Լյովիկը որակազրվել են որպես թաղային հեղինակություններ: Վերջիններս գտնվել են Դուբայում եւ չեն մասնակցել հավաքին:
Lurer.com-ի տեղեկություններով՝ գողական հավաքին մասնակցել են յոթ «օրենքով գողեր»՝ այդ թվում Օշականցի Գևորիկը, Կոնդեցի Վզգոն, Զապը, Արտեմը եւ ուրիշներ:
Նույն 2015-ի հունիսին Fnews.am կայքը գրել է, որ հայտնի քրեական հեղինակություններ Քանաքեռցի Տույ-Երրորդմասցի Լյովիկ-օրենքով գող Օշականցի Գեւորիկ հակամարտությունը այլեւս ավարտված է:
«Ավելին, շրջանառվող լուրերի համաձայն, եռյակը ոչ միայն «բարիշել» է, այլ նաեւ նրանց միջեւ «ախպերական հարաբերություններ» են ձեւավորվել, որի մասին խոսվում է տարբեր շրջանակներում, ովքեր քիչ թե շատ տեղյակ են եռյակի միջեւ տեղի ունեցած հայտնի միջադեպից ու սկանդալից»,- գրել է կայքը:
Սեպտեմբերին լրատվամիջոցների հետ զրույցում քրեագետ Սերգեյ Գալոյանը՝ անդրադառնալով Երրորդ Մասցի Լյովիկ-օրենքով գող Օշականցի Գեւորիկ հակամարտությանը ասել է. «Ես չեմ ցանկանում մտնել երկու եղբայրների արանքը: Ինձ թվում է, որ Օշականցի Գեւորգն ու Երրորդ Մասցի Լյովիկը հիմա շատ լավ ու համերաշխ են»: