12:36 , 4 մարտ, 2015
Tert.am-ը գրում է․
Local Developers ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը, որի ընկերությունը 2007-ից առ այսօր հանդիսանում է մայրաքաղաքի Տերյան 23, 25 շենքերի և Լալայանց 37 շենքի կառուցապատողը, դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար:
Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեցին «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը, «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը, բնակիչ Վարդան Գաբրիելյանը՝ նշված հասցեի հետ կապված վերջին զարգացումները ներկայացնելով:
Նշենք, որ կառուցապատողը նշված շենքերի բնակիչներին բնակարաններ է առաջարկում Պուշկին 38 հասցեում կառուցված նորակառույցից, կամ՝ որպես այլընտրանք, գումար՝ քաղաքի այլ թաղամասում բնակարան գնելու համար։
«Կանխելով ոմանց հարցերը՝ կուզենայի անդրադառնալ այն հանգամանքին, որ Սամվել Մայրապետյանը հայտարարություն է անում, որ, իբր, Պուշկին 38 հասցեում շենք է կառուցել բնակիչների խնդրանքով»,- ասաց բանախոսը և ավելացրեց. «Կանխավ ուզում եմ ասել, որ դա բացարձակ սուտ է, որովհետև տվյալ շենքերի բնակիչները և ոչ միայն դա, այլև Պուշկին 40 և այլ շենքերի բնակիչները մեզ հետ միասին պայքարեցին, բանը հասավ նրան, որ ոստիկանությունը օր ու գիշեր հսկում էր այդ տարածքը, որտեղ ոչնչացվեց նաև մանկական խաղահրապարակը, որը հանդիսանում էր բակային տարածք»:
Բնակիչները երկընտրանքի առաջ են՝ կամ համաձայնել իրենց բնակարանների դիմաց առաջարկվող ցածր գնին, կամ գնալ բնակվել Պուշկինի 38 շենքում, որի տեխնիկական պայմանները իրենց չեն բավարարում:
Բանախոսները նշեցին, որ առաջարկվող ցածր գինը այս հասցեներում «պապական բնակվող» բնակիչներին թույլ չի տալիս կենտրոնում սեփականություն ձեռք բերել, հետևաբար, նրանք մտածում են, որ արվարձաններում ապրելու փոխարեն, ավելի լավ է՝ «արի, ես համաձայնվեմ, այդ շենքում ապրեմ»:
Իսկ բնակիչները այդ նորակառույցին դեմ են , քանի որ այն անմխիթար վիճակում է, առաստաղի բարձրությունը 2.75 մետր է՝ առանց հարդարման՝ գաջի, իսկ առաստաղի հարդարումից հետո բարձրությունը, ըստ բնակիչների, կազմելու է 2.60: Այն դեպքում, երբ իրենց բնակարանների բարձրությունը 3.60 է: