13:59 , 3 մարտ, 2012
Գիշերվա ժամը հազարն էր, որ Անահիտի հևասպառ ձայնը քնիցս արթնացրեց:
-Որ իմանաս, թե ո՞ւմ եմ տեսել, է, մենակ իմանաս, կառավաթից կընկնես,- խոսափողի մեջ բարբաջում ա հազար տարվա ընկերուհիս ու հազիվ եմ ինձ զսպում, որ խոսափողի տեղը տրուբկա չգրեմ:
-Ռոլանդն ով ա՞,- կիսաքնած քրթմնջում եմ ու մտքիս մեջ չեմ էլ կարում, թե բան ասեմ, քանզի վասնզի, դեռևս արթնացած եմ:
Ռոլանդը, պարզվում է, ընկերուհուս նախկին յարն էր, ում հետ չէր ամուսնացել բարեկամների ինադու:
- Վարդուշը մթով մարդուն կոխել էր անկյուն ու վրա տվել, թե ինչքան վախտ պիտի ավելորդ բերան պահեն,- նույն պատմության ամենատարբեր վարիացիաները լսել եմ սաղ կյանքիս ընթացքում,- էն վախտ էլ մեր էշը կար, ես էլ դրեցի ու մերոնց ինադու պսակվեցի էշի հետ:
Պսակվեց էշի հետ ու զույգ ոտով ընկավ քաքը: Անահիտը: Ծիծիլիոն տարվա ընկերուհիս: Չնայած տենց էլ չհասկացա, թե երբ դարձանք ընկերուհի: Էն էլ ծիծիլիոն տարվա: Էշը, ուրեմն, ռեժիմով ծեծում էր ընկերուհուս: Նա վսյակի սլուչայ: Որ իրեն հանգիստ պահեր: Փաստորեն, պարզվել էր, որ հանգիստ չի պահում: Քանի որ մի անգամ մուտքի մեջ ռաստվել էի, թե ոնց էր երկու ձուն ջարդել հարևան Սոփեստ տոտայի գլխին: Սոփեստ տոտան բեգեմոտի նման կնիկ մըն էր, որ ապրում էր հայտնի չէ, թե ինչի համար: Մեկ փաստ, այնուհանդերձ, հայտնի էր: Սոփեստ տոտան ծնվել էր, որպեսզի բաժակով ականջ դներ հարևանների պատերին: Նա ոչ մեկ անգամ էր, որ հաճույքից մլռտացող դեմքով շեշտում, որ իրեն հայտնի է, թե որ հարևանը երբ է զուգարան գնում, և գնալուց էլ` ինչ կարգի կարիք է հոգում: Այդ պրոցեսն անվերջանալի շղթա էր, որի սկզբին ծանոթացա, երբ վեց տարեկան էի:
-Ես Կուկուշի մեռնելն իմացա,- նույնպիսի հաճույքից մռլտացող դեմքը տպավորվել է մեջս վեց տարեկանից սկսած, երբ հայտնի դարձավ, որ Անահիտի մայրը վախճանվել է: Հոգին ավանդելուց առաջ Կուկուշը գոռացել էր, ու Սոփեստ տոտան, որ ննջում էր զույգ ականջները հարևանների պատին դեմ տված, անմիջապես հասկացել էր, որ Կուկուշի վերջը եկել է:
Այդպես Անահիտը որբացավ ու մնաց հորեղբոր ու նրա կնիկ Վարդուշի հույսին, որոնց խոհանոցում կիտունված ամանեղենի բլուրները տարիներ շարունակ լվաց, մինչև որ դարձավ չափահաս ու հորիզոնում հայտնվեց Ռոլանդը:
Ռոլանդը պարզվեց` ախպարի լակոտ էր, ու մեր պատվասեր ազգականների քիմքին ոչ հարիր: Պարզվեց, էն տարիներին, տ ախպար լինելը ճիշտ չէր, ու էդ հանգմանքը ծանր նստեց փխրուն ու բարալիկ Անահիտի վրա, ով մանուկ հասակում մարդ էր ճղում: Անահիտը, ուրեմն բոլորովին էլ Անագիտի չէր ձգում ու լրիվ լաչառ Սըվետ էր: Նա մանուկ հասակում հանդգնել էր փայտից աթոռակը հագցնել օղորմածիկ Գենիկ տոտայի ծանրումեծ ոտքին էն բանից հետո, երբ բակային խաղերի ընթացքում Գենիկ տոտայի աղջիկը, որը պակաս լաչառ չէր ու իմ համար անհասկանալի պատճառներով` էն տարիներին ինձ ճնշում էր, համարձակվել էր լաչառության գծով մրցավազքի մեջ մտնել Անահիտի հետ ու սխալ էր արել: Որովհետև սույն անցքի արդյունքում` Անահիտը գզել էր Գենիկ տոտայի աղջկա բրդոտ գլուխը, չռփել էր երեսին ու անվանել փնթի խոզ, ինչ հետ ես, թերևս համաձայն էի, որովհետև Գենիկ տոտայի աղջիկ մեկ շաբաթ շարունակ շարունակում էր կրել նույն մանր պուտիկներով, բաց կապավուն երանգի զգեստը, որ կարել էր մայրը: Նա այնքան էր կապվել այդ զգեստին, որ հագից չէր հանում, ու ով գիտի` այդպես էլ քնում էր: Համենայն դեպս, փաստ էր, որ, երբ Աանհիտը նրան անվանեց փնթի խոզ, մանր պուտիկներով, բաց կապտավուն զգեստը լրիվ կեղտոտվել էր գնդակի հետ ունեցած մեկշաբաթյա շփումից. գոռզագոռզը մեր սիրած խաղերից էր, իսկ բակը` ջրափոսերով լի:
Շարունակությունն՝ այստեղ