Հայտնի է, որ Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում կյանքի համար անտանելի պայմաններ են: Բնական է, որ մեծ թվով հայեր ուզում են հեռանալ երկրից` այդ թվում դեպի Հայաստան: Սակայն նրանցից շատերը այլևս զրկված են այդ հնարավորությունից ճամփորդական փաստաթղթեր չունենալու պատճառով: Ելքի իրավունքով անձնագիր տրամադրող սիրիական իրավասու մարմինները վաղուց չեն գործում: Մինչ այդ կյանքի պայմանները և սպառնալիքները սաստկանում են: Հայաստանի պաշտոնատարները բազմիցս պնդել են, թե իրավիճակի վատթարացման դեպքում, հայրենակիցների փրկության նպատակով պատրաստ են արտակարգ քայլեր ձեռնարկել: Դրանք մեծամասամբ արդեն ուշացած են և մեր հայրենակիցները թողնված են բախտի քմահաճույքին: Սակայն նրանցից շատերին կարելի է օգնել տրամադրելով երկրից հեռանալու ճամփորդական փաստաթուղթ: Այլ կերպ ասած, բազմաթիվ սիրիահայեր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կարիք ունեն: Անձնագրերի տրամադրման պայմանները իհարկե քննելի են տեղի ազգային-եկեղեցական մարմինների և համայնքային կազմակերպությունների հետ, սակայն ձգձգումը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ բազմաթիվ ընտանիքների համար: