Առողջապահության սոցփաթեթի նոր դրույթների մասին


15:51 , 3 մարտ, 2015

Ինչպես գիտենք, 2014 թ.-ի մարտի 27-ին և դեկտեմբերի 25-ին ՀՀ-ում գործող առողջապահության սոցիալական փաթեթը ենթարկվել է փոփոխությունների:
Այդ փոփոխությունների հիմնական դրույթներն էին

1.Սույն փաթեթը ներառում է հիվանդանոցային բժշկական օգնություն՝ թերապևտիկ և վիրաբուժական, նյարդավիրաբուժական, սրտի վիրահատական և ներանոթային միջամտությունների, վնասվածքների հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային ձևով իրականացվող բժշկական օգնություն և սպասարկում:

2.Վերը նշված փաթեթի բացառություններից են տուբերկուլյոզի, հոգեկան և թմրաբանական հիվանդությունների բուժումը, ստոմատոլոգիական ծառայությունները, պրոտեզավորումը, ֆիզիոթերապեվտիկ բուժումը, ոչ վիրահատական միջամտություն պահանջող քրոնիկ հիվանդությունները՝ ինչպես օրինակ պարբերական հիվանդությունը, էպիլեպսիան, շաքարային դիաբետը, թոքերի էմֆիզեման և այլ հիվանդություններ:

3.Սոցիալական փաթեթից օգտվողները հնարավորություն են ստանում արտահիվանդանոցային բուժման դեպքում համավճարային սկզբունքով օգտվել մի քանի հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից: Մասնավորապես, մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիան, որը ներառյալ կոնտրաստ նյութի արժեքը համավճարի դեպքում կկազմի 30 000 դրամ, առանց կոնտրաստ նյութի՝ 15 000 դրամ, համակարգչային ռենտգենային տոմոգրաֆիան կկազմի 7000 դրամ: Կորոնարոանգիոգրաֆիա կկազմի 45000 դրամ, իսկ գլխուղեղի ախտորոշիչ անգիոգրաֆիան կկազմի 90 000 դրամ և այլն:

4.Սոցիալական փաթեթի շահառուները հնարավորություն ունեն իրենց փաթեթի 72000 դրամը ուղղել առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի և սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի համար առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռք բերման համար: Այս որոշումը ապահովագրական ընկերությունների զարգացման համար լուրջ նախապայման կարող է հանդիսանալ:

5.Առողջության ապահովագրության փաթեթում ընդգրկվում են արտահիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, մասնավորապես մասնագիտական բժշկական խորհրդատվությունները և զննումները, համավճարային եղանակով իրականացվող հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների համավճարների փոխհատուցումը, ամբուլատոր բուժման ընթացքում դեղերի արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցումը, ստոմատոլոգիական և այլ բնույթի ծառայությունները:

6.Որոշման համաձայն ներդրվում է նաև սոցիալական փաթեթի շահառուների պարտադիր կանխարգելիչ բժշկական քննության համակարգը, որի տարեկան արժեքը կազմում է 8000 դրամ: Վերջինս ներառում է արյան ընդհանուր հետազոտությունը, գլյուկոզայի և խոլեստերինի որոշումը, էլեկտրասրտագրությունը, ուլտրաձայնային սրտագրությունը, ֆլյուրոգրաֆիան, PSA տեստը տղամարդկանց համար, PAP տեստ կանանց համար և թերապեվտի, ուռոլոգի և գինեկոլոգի խորհրդատվություններ: 132 հազար դրամից 52 հազար դրամը տրամադրվում է առողջապահական փաթեթին, 8000 դրամը` պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությանը, 72 հազար դրամը` սոցիալական փաթեթի այլ ծառայություններին:

7.Հարկ է նշել նաև, որ ներդրվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում սոցիալական վճար կատարող անձի կողմից սոցիալական փաթեթի գումարները սոցիալական վճարների կատարմանն ուղղելու մեխանիզմը: