Ինչպես էլ որ փորձում են քողարկել ուժայինների վարքը 2008թ.-ի մարտի 1-ին, միևնույնն է՝ փաստերը լրիվ հակառակն են ապացուցում


00:43 , 28 փետրվար, 2015

Մինչև 2008թ.-ի մարտի 1-ը, ես ու, վստահ եմ, իմ պես շատ-շատերը, բացարձակապես քաղաքականությամբ չէինք հետաքրքրվում: Մի քանի հոգու անուն գիտեինք, որոնցից շատերին դեմքով չէին էլ ճանաչում: Կոնկրետ իմ համար շատ հստակ էր. եթե ժողովրդին թալանում են, կաշառում են, պղծում են դարերով ձևավորված մշակույթն ու ավանդույթները, ոնց ուզում՝ խաբում են և այլն և այլն, ապա դա միայն ու միայն ժողովրդի մեղավորությունն է: Եթե մարդը պատրաստ է 5000 դրամի դիմաց ծառայել քեզ, ո՞վ լինի, որ չառաջարկի այդ գումարը: Այո, իշխանական վերնախավը կարող էր լինել (ու կա) հանցագործների մի քանի տասնյակ հոգուց բաղկացած հավաքույթ, բայց մինչև մարտի 1-ը ես երբեք չէի պատկերացնի, որ նրանց հրամաններն այդ աստիճան դաժանությամբ կարող են իրականացվել Ոստիկանության ու ՊՆ-ի կողմից: Չեմ ուզում ոչ ընդհանուր կատարվածը մանրամասն շարադրեմ, ոչ էլ գլխավոր կազմակերպիչներից խոսեմ: Ուզում եմ ընդամենը արձանագրել, որ այդ օրը լիովին ապացուցեց այն, որ Հայաստանի խնդիրը ոչ թե կոնկրետ անհատներն են, այլ ստեղծված համակարգն ա:

Ոնց ասես չփորձեցին քողարկել կամ ինչ-որ արդարացում գտնել Ոստիկանության ու ՊՆ-ի վարքը մեկնաբանելու համար. «Իրենք կապ չունեն, դրանք հատուկ վարձու ջոկատներ էին», «ռուսական սպեցնազն էր», «ղարաբաղից էին զորք բերել», «ընդամենը հրաման էին կատարում»... Հետագայում, մեկնաբանությունները տարածելով ամբողջ պետական ապարատի վրա, հայտարարվում էր, թե «ստեղծված համակարգն է մեղավոր, եթե ապահովես նորմալ համակարգ, նրանք այլ կերպ կդրսևորեն իրենց», «նրանք մեր եղբայրներն ու քույրերն են»: Այսինքն` եթե քրոջդ կամ եղբորդ աշխատանքից հեռացնելու շանտաժով հրամայեն սառնասրտորեն ծեծի ենթարկել կամ գնդակահարել քեզ, և նրանք կատարեն այդ «ընդամենը հրամանը» կամ «ընդամենը պարտականությունը», ուրեմն ամեն ինչ նորմալ է՞: Ենթադրենք, այո, համակարգը փոխելուց հետո, ապագայում կփոխվի նաև իրենց կեցվածքը: Եվ ի՞նչ: Այդ բոլոր հանցանք գործած «ծառայողները»` մարդասպանները, բիրտ ուժ գործադրողները, ապօրինի հրաման տվողները, խայտառակ դատավարություններ իրականացրած դատավորներն ու դատախազները, գործերը կոծկողներն ու ցինիկ սուտ խոսացողները պիտի այդպես էլ անպատիժ մնա՞ն: Այսպե՞ս է արդարությունը վերականգնվելու:

Ինչպես էլ որ փորձում են քողարկել ուժայինների վարքը, միևնույնն է՝ փաստերը լրիվ հակառակն են ապացուցում: Թե ՊՆ-ի ներգրավումը, թե մյուս կազմակերպչական աշխատանքները սկսվել էր մարտի 1-ից դեռևս մեկ շաբաթ առաջ, իսկ սպանդ իրականացնելու հրաման տվող ու իրականացնող բոլոր «բացահայտված» ու հարցաքննված անձինք եղել են Ոստիկանության ու ՊՆ հրամանատարներ ու զինծառայողներ: Տեսանկարահանված կադրերից ակնհայտ երևում է, որ ուժայինների գործողությունները բացահայտ անձնական թշնամանք արտահայտող տեսարաններ են: Առանց սարսուռի անհնար է դիտել տվյալ կադրերը: Այո, ենթադրենք նրանք չեն համարձակվել ընդդիմանալ ի սկզբանե հակասահմանադրական ու հակաօրինական հավաքագրմանը, տեղաշարժմանը, դիրքավորմանը, լավ, ծայրահեղ դեպքում կարող էին խոչընդոտել մարդկանց տեղաշարժը, հրել, նույնիսկ բերման ենթարկել, բայց, ախր, այդ ի՞նչ կոմպրոմատներ պիտի լինեին նրանց դեմ, կամ այդ ի՞նչը կորցնելու վախը պիտի նրանց դրդեր, որ սառնասրտորեն հարձակվեին վրաններում քնած մարդկանց վրա, այդ թվում` կանանց ու երեխաների, դաժանաբար ծեծի ենթարկեին նրանց, իսկ մի քանի ժամ անց սեփական ժողովրդի սպանդ իրականացնեին: Դաժան իրականությունն այն է, որ դեպքերի ընդհանուր պատկերը հաշվի առնելով, վստահաբար կարելի է պնդել, որ ինչ տեսակի հրամաններ էլ տրվեր մասնակից տասնյակ հազարավոր ուժայինների ծառայողներին, նրանց ճնշող մեծամասնությունը կատարելու էր այդ հրամանները: Իրականացված սպանդի արդյունքը ոչ միայն զոհերն էին, այլև հարյուրավոր հրազենային վնասվածքներ ստացած անձինք: Մարդկանց դիմահար գնդակահարելու, նրանց ուղղությամբ նռնակներ շպրտելու հրամաններ տվողներն ու այդ «հրամանները» կատարողները հաստատ ոչ զոհերի քանակին են հետևել, ոչ էլ հրամանների անօրինական լինելն է նրանց հետաքրքրել:

Գիտեմ, շատերին դուր չի գա, բայց իմ համար Մարտի 1-ի ամենախայտառակ ու նողկալի դրվագը սեփական հանցավոր գործողության արդյունքում զոհված ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանին հերոսացնելն էր: Իշխանությունները, իրենց վարկածն ապացուցելու համար մեզ ամեն կերպ համոզում էին (հարկ եղած դեպքում հիմա էլ կհամոզեն), որ տվյալ սպան զոհվել էր ցուցարարների կողմից նետված նռնակից, ավելին, լիարժեք հերոսի կերպար ստեղծելու համար հայտարարում էին, թե նա անձնազոհաբար պառկել է նռնակի վրա` փրկելով իր ենթակաների կյանքը: Ի՞նչ պարզվեց: Պարզվեց այն, որ տվյալ նռնակը ոչ թե ցուցարարներն էին նետել, այլ ինքն էր ցանկացել իր մոտի նռնակը նետել դեպի ցուցարարները, բայց անսարքության կամ անզգուշության հետևանքով նռնակը պայթել էր իր ձեռքերի մեջ: Որ «հերոսացման» գաղափարը կանխամտածված էր, վկայում են մի շարք հանգամանքներ, որոնք փայլուն կերպով մեկնաբանված են Տիգրան Պասկևիչյանի հեղինակած «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմում: Եթե մինչև 2009թ.-ը փաստահավաք խմբի կողմից դեռ բացահայտված չէր տվյալ սպայի մահվան առեղծվածը, և նա հավասարեցվում էր մյուս զոհերին, դա ինչ-որ առումով հասկանալի էր, բայց բացահայտումից հետո ինձ համար բացարձակապես անհասկանալի է այս իրավիճակը: Տվյալ սպային հավասարեցնելը մյուս զոհերին նվազագույնն անարգանք է մյուս զոհերի հանդեպ:

Այո, «վհուկների որս» չպիտի սկսվի, բայց այս կամ այն չափով օրենքից դուրս քայլեր իրականացրած, հակաօրինական հրաման տվող, էլ չեմ ասում` մարդկանց գնդակահարող անխտիր բոլոր անձինք պիտի պատասխանատվության ենթարկվեն: Հակառակ դեպքում Հայաստանում երբեք ոչ արդարություն կհաստատվի, ոչ էլ սահմանադրական կարգ: