ԵՏՄ անդամակցության արդյունքում ՀՀ արտաքին առևտուրը կրճատվել է ավելի քան 30%-ով


11:23 , 23 փետրվար, 2015

Պետական չինովնիկները հուսահատ փորձեր են անում հիմնավորել և պարզաբանել ակնհայտորեն ոչ մի կերպ չհիմնավորվող և պարզաբանման ոչ ենթակա մի երևույթ, որը մեզ համար շատ կանխատեսելի ու բազմիցս զգուշացված էր ՀՀ ԵՏՄ անդամակցելու ճանապարհին:
Փաստը մնում է փաստ, ՀՀ ԵՏՄ անդամակցության արդյունքում ՀՀ արտաքին առևտուրը կրճատվել է ավելի քան 30%-ով: Սա այն պայմաններում, երբ այս նույն պաշտոնյաները մեկ տարի առաջ ոսկե սարեր էին խոստանում՝ Հայաստանը գրեթե վերածելով Վասյուկիի, ինչպես հայտնի ֆիլմում: Հետաքրքիր տրամաբանությամբ են առաջնորդվում մեր պաշտոնյաները. վիճակագրությունը մի իրավիճակում (երբ դրա արդյունքները շահեկան են իշխանության համար) համարում են անվիճարկելի փաստ, իսկ մեկ այլ իրավիճակում (երբ դա վիճարկում և մերժում է իշխանության ռազմավարական կուրսը) այն համարում են վիճարկելի, քանի որ կիրառվել է այլ «վիճակագրության մեթոդոլոգիա»:
Բայց նրանք մոռանում են, որ մեր գործարարները չեն հետևում ձեր վիճակագրական մեթոդոլոգիային, նրանք ամեն օր ականատեսն են իրենց բիզնեսի առևտրային ծավալների նվազման, կորուստների ավելացման և արտադրության ծավալների կտրուկ անկման ակնհայտ երևույթին, իսկ դա դուք, որքան էլ հրաման ունենաք արդարացնել ու հիմնավորել, միևնույն է, չեք կարողանալու:
Հորդորում եմ ձեզ, անիմաստ ժամանակ մի վատնեք, ընդունեք ձեր որդեգրած արտաքին տնտեսական քաղաքականության ձախողումը, խոսովանեք ձեր մեղքերը և ապաշխարեք հայ ժողովրդի առջև: Հայաստանը լաբորատորիա չէ, իսկ հայ ժողովուդը` փորձարարության օբյեկտ: