10 պատճառ, թե ինչու եմ ուզում Հայաստանում ապրել


11:49 , 10 հունվար, 2012

Ցուցակը կազմում եմ ի հակադրություն «10 պատճառ, թե ինչու չեմ ուզում Հայաստանում ապրել»գրառման:

Էս նույն ցուցակը կազմելիս զգում եմ, որ նախորդի կետերն են հա ավելանում ու ավելանում: Բայց դրա մասին չենք խոսում:

10. Ապօրինի ներբեռբնումները - Բա վա՞տ ա: Տանդ նստած աշխարհի որ երգն ուզում ես, որ ֆիլմն ուզում ես, քաշում ես: Ինտերնետն էլ վերջերս լավացել ա, էլ արագության խնդիր չկա: Շըշշշ, անտեսենք, որ էդ ամեն ինչը խանութներից գնել հնարավոր չէ, որ կինոթատրոններում նոր կինոները հայտնվում են այն ժամանակ, երբ վաղուց արդեն մեր կոմպերի մեջ վխտում են դրանք:

9. Էժան բարերն ու սրճարանները - էս մեկը փսփսալով եմ ասում, որ հանկարծ չբռնեն ու թանկացնեն: Բա, լուրջ եմ ասում: Երևանի գարեջրատներում հոլանդական գարեջուրն ավելի էժան էր, քան հոլանդականներում (ուրիշ հարց, որ էդ էժանը սենց թե նենց շատերի գրպանի հնարավորություններից մեծ ա):

8. Համով միրգ-բանջարեղենը -հա, լուրջ. մեր միրգն ու բանջարեղենն իսկապես շատ համեղ է: Էստեղ էլ աչք ենք փակում, որ սարսափելի թանկ է, ավելի թանկ, քան Իսպանիայից Հոլանդիա ներկրված նույնքան համեղ միրգ-բանջարեղենը:

7. Արևը -գոնե նորմալ ամառներ ենք ունենում: Ճիշտ ա` մեկ-մեկ շոգը համը հանում ա, բայց դե տաք օրեր տեսնում ենք, ամառն էլ ամառ կոչվում ա: 

6. Դիպլոմս - հա բա ոնց, հոգեբույժի դիպլոմս մենակ Հայաստանում է ճանաչված, մենակ Հայաստանում կարող եմ առանց որևէ լրացուցիչ վերապատրաստման հոգեբույժ աշխատել: Շատ էլ որ դրա դիմաց փող չեն տալիս:

5. Գրադարաններս - ես վաղուցվա գրադարանի գիժ եմ, ու երկրորդ կուրսից հետո չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ տանը պարապել: Բայց արի ու տես, որ էստեղ չեմ կարողանում նույնն անել: Տանը նստած գլուխ եմ ջարդում ու երազում... Երևանի գրադարանների մասին:

4. Չուսումնասիրված ոլորտները - մեր երկրում լիքը ոլորտներ կան, որոնցով ոչ ոք չի զբաղվում: Կարելի է բռնել դրանցից մեկը և լինել միակ կամ քիչ մասնագետներից մեկը: Բա լավ չի՞ հնչում: Ուղղակի էստեղ մի վտանգ կա. հարակից ոլորտների ներկայացուցիչները կարող են տակդ փորել: Մի բան էլ կա. գնահատված չլինելը (էսպես գնում ենք նախորդ ցուցակ):

3. Լավ օրինակները - ազնիվ մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, իրենց գիտելիքների ու փորձի շնորհիվ ինչ-որ բանի հասել են: Քիչ են, բայց դե...

2. Ընկերներս ու ընտանիքս - նկատել եմ, որ ավելի մեծ հաճույքով սիրելիներիս արտերկրում եմ հանդիպում, քան Հայաստանում: Բացի դրանից, ինչքան ընկերներ Հայաստանում ունեմ, էնքան էլ դրսում: Ուղղակի հայ ընկերներս ուրիշ են էլի: Մի կիսաթևավոր խոսք ունեմ. «Կա մի սահման, որ մենակ հայերի հետ կարող եմ անցնել»: Հասկացեք ոնց ուզում եք:

1. Հայերենը - հայերեն խոսելն իմ սիրած զբաղմունքներից մեկն է: Ու եթե խանութի մուննաթոտ աշխատողը բերանը չի էլ ուզում բացել, որ մի բան ասի, ապա ես մեծ հաճույքով էի որևէ բան ասում` զգալով, որ օտար լեզվով չեմ խոսում: