Մարդկությունը վերածվել է խաղալիքի խոշոր արտադրողների ձեռքին


18:46 , 20 փետրվար, 2015

Երևան Մոլ առևտրի սրահում աննախադեպ զեղչերի արդյունքում ստեղծված և տասնյակ հազարավոր քաղաքացիների միտինգ հիշեցնող իրավիճակը թող ոչ մեկին չզարմացնի: Սպառողական հասարակության գաղափարը շատ լավ արմատավորվել է նաև մեզանում: Ու բնավ պետք չէ բարձրագոչ հայտարարություններ անել, թե էս ինչ ժողովուրդ ա, սա հայերին ա բնորոշ և այլն: Ո՛չ, հայերին բնորոշ չէ միայն: Փառք Աստծո, համացանցում կարելի է գտնել արևմտյան բարեկեցիկ երկրներում նմանատիպ դեպքեր, երբ զեղչերի արդյունքում մարդիկ իրար են ուտում: Հիմա ինչ, պետք է ասել, որ սա բնորոշ է ամերիկացիների՞ն, ֆրանսիացիների՞ն, թե՞ ամեն դեպքում անգլիացիներին: Պետք է հասկանալ, որ աշխարհում ստեղծված սիստեմը ստիպում է մարդկանց տարատեսակ գրավիչ գովազդների միջոցով սպառել գործարանների արտադրանքը: Պարզ տնտեսական մոդել: Կապիտալիզմ: Ցանկացած մարդ ժամանակ առ ժամանակ չի դիմանում այդ գովազդների գայթակղությանը: Ինչո՞ւ: Որովհետև ապրանքների միջոցով են մարդիկ ցանկանում ստանալ առավելություն դիմացինի նկատմամբ: Իմ հեռախոսն ավելի լավն է, ես ավելի լավ մեքենա եմ քշում, ուրեմն ավելի կռուտոյ տղա եմ: Վստահորեն կարելի է ասել, որ անմարդաբնակ կղզում մարդու համար միևնույն կլինի, թե ինչ շոր է հագնում, ունի արդյոք հեռախոս կամ մեքենա, որովհետև նա մենակ է, ոչ մեկի հետ համեմատվել չի կարող: Հետևաբար կարելի է պնդել, որ մարդկությունը վերածվել է խաղալիքի խոշոր արտադրողների ձեռքը, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց արտադրանքը նույն մարդկանց ծախելու ու դեպի իրենց գրավելու համար: Արդյունքում աննախադեպ զեղչեր և թոհուբոհ առևտրի սրահներում: