22:01 , 9 հոկտեմբեր, 2012
Խաղում էր աղջիկս ծովափին, ավազների մեջ, հողափորական խաղալիքները շուրջը թափած, երեկոյան կողմ էր, ափը համարյա դատարկ, լողափի սեզոնը դեռ չէր բացվել՝ հոկտեմբեր ամսվա նոր–նոր տաքացող եղանակին, մեկ էլ որտեղից–որտեղ մի փոքրիկ «բան» հայտնվեց աղջկաս փորած փոսի մոտ. մի մրջյուն բալիկ–աղջիկ, բաց շագանակագույն կարճլիկ մազերով, սողեսող այսպես, տեղավորվեց հարմար, մանկական անհոդաբաշխ բլբլոցով, բարձրացրեց գլուխը, ժպտաց ինձ (որ գլխավերևում էի կանգնած), ցուցադրելով առջևի մատղաշ ատամիկները, էլի ինչ–որ բան բլբլաց, և վերցնելով կանաչ բահը՝ անցավ գործի՝ բզբզելու փոսը։ Զգույշ նայեցի աղջկաս՝ հանկարծ դեմ չլինի՞։ Աղջիկս լուռ նայում էր։ Մեկ էլ մրջյուն–բալիկը ձեռքը տարավ դեղին փոցխին ու բացականչեց՝ «յելոո՜»։ Ես ապշեցի։ Սա ի՞նչ գույն է, հարցրի, կռանալով ու ցույց տալով կանաչ բահը։ «Գյին», ասաց, ցուցադրելով ժպտացող ատամիկները։ Իսկ սա՞, հարցրի՝ մատս տնկելով կարմիր խեցուն։ Փինկ, ասաց, վերցնելով խեցին, հետո ուղղեց՝ րեդ։ Քանի՞ տարեկան ես, հարցնում եմ։ «Թյու»՝ ժպտում են ատամիկները։ Անունդ ի՞նչ է։ Ձայն չկա։ Նորից եմ կրկնում՝ ի՞նչ է անունդ, դեմքս լրիվ մոտեցնելով դեմքին։ Մամի, արտաբերում է բալիկը, ասես զիջելով ճնշման տակ։ Հետո վերցնում է կապույտ մաղն ու հրճվում կրկին՝ «բլուու՜»։ Նորից եմ հարցնում անունը, ինչ–որ չհավատալով «մամի»–ին /որպես անգլներենում մայրիկին են ասում/։ Մրջյունիկը նորից անվստահ մամի է ինչ–որ մրմնջում։
Քիչ խաղալուց հետո բալիկը որոշեց լքել մեզ, և տոտիկ–տոտիկ խրվելով ավազների մեջ, իր նորելուկ քայլերով, սկսեց հեռանալ՝ մեր բահը ձեռքին։
Այդ պահին մի քսան–քսանհինգ քայլ հետևում լսեցի. Գրե՛յսի, բահը վերադարձրու։ Շրջվեցի՝ ամուսիններ էին քարին նստած, որ ժպտացին ինձ։ Գրեյսին հետ նայեց, բահը պատրաստակամ նետեց ավազներին և շրջվեց հեռանալու։ Ոչ, Գրեյսի, ասացին հեռվից, տուր հետ բալիկին։ Գրեյսին վերցրեց բահը գետնից, աշխուժորեն մոտեցավ աղջկաս ու նետեց նրա մոտ ավազներին՝ պատրաստվելով կրկին հեռանալ։ Հետևից՝ Գրեյսի, այդպես չեն տալիս, վերցրու գետնից և հետ տուր բալիկին։ Գրեյսին, որն արդեն անցել էր մի քիչ ճանապարհ, նորից հետ դարձավ՝ տոտիկ–տոտիկ խրվելով ավազների մեջ, վերցրեց բահն ավազներից ու հանձնեց աղջկաս՝ մերկացնելով ժպտացող ատամիկները։ Հետո շրջվեց էլի ու գնաց իր ճամփով: Ապրես, Գրեյսի, ծափ տվեց թխահեր, մորուքով հայրը հետևից։
Ես շրջվեցի դեպի ծնողներն ու գոռացի. նա գիտի բոլոր գույնե՛րը...
Այսպես ծնվեց այս գրառումը մի բալիկի մասին, որը գիտեր կարծես ամեն ինչ, բացի սեփական անունից :))