Մենք մեր պատմությունից, այնուամենայնիվ, դասեր չքաղեցինք, քանի որ նրա ոչ մի դրվագ ու իրադարձություն, սկսած Արարատյան թագավորությունից մինչև այսօր, գրեթե չի գնահատվել հավուր պատշաճի։ Մինչդեռ միայն վերջին հերոսամարտերի դասերը մեծապես ուսանելի կարող էին լինել, երբ ընդամենը մի բուռ քաջեր, նշխար-նշխար հավաքելով ու փրկելով «ժողովրդի պատմության արժանապատվությունը», վերստեղծեցին հայոց պետականությունը, որն այսօր մեր հայրենիքն է։ Նահատակվեցին նրանք, արտաքսվեցին ու աքսորվեցին ապերախտաբար՝ չվայելելով սեփական հաղթանակի արդյունք հայրենիքի գոյության բերկրանքը։
Այդ երևելիներից էր Գարեգին Նժդեհը (Տեր-Հարությունյան)՝ դասական հեղափոխական իր համոզմունքներով ու գործելակերպով։ Նա ծնվեց ու աճեց ֆիդայական շարժումներից, հերոսացավ հայրենիքի փրկության մարտերում ու նահատակվեց իր իսկ կանխագուշակած «մաքիավելիների» ձեռքով։
Մինչ հայ հեղափոխական դաշնակցության շարքերն ընդունվելը, Նախիջևանի գավառի Կզնութ գյուղի քահանայի որդին նախնական կրթություն էր ստացել, իսկ կուսակցության հովանավորությամբ շարունակեց ուսումը Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ապա ավարտեց Սոֆիայի Ֆերդինանդ թագավորի անվան զինվորական ուսումնարանը։
Կռվեց Պարսկաստանում, Բալկաններում, Արևմտյան Հայաստանում՝ տեսական գիտելիքներին ավելացնելով առասպելական Անդրանիկի ու անպարտելի Դրոյի մարտավարական փորձը։
«Ուժեղը նա չէ, որի հաղթությունները ռազմական լինելով, բարոյական չեն»,— սա էր նրա՝ պրոֆեսիոնալ զինվորականի ու քաղաքական գործչի հավատամքը։
Բալկանյան ժողովարդների ազատագրության օրինակը, որը լուրջ դիվանագիտության ու կազմակերպված պայքարի արդյունք էր՝ «Թուրքիո բոլոր ճնշված ազգերի հետ միասին», նրան էլ էր ոգևորում, բայց քաղաքական հեռատեսությամբ զգում էր, որ պահը բաց է թողնվել և այսօր պետք է ապավինել միմիայն սեփական ուժերին։ Որպես հեղափոխական մարտիկ, անվերապահորեն ընդանում էր Միքայել Նալբանդյանին. «Ամենահեղափոխական կարելի է համարել այն միջոցը, որը մեզ ավելի շատ մեր ցանկացած նպատակին է առաջնորդում»1։
Եվ մինչև հայոց մեծ ազատամարտը 32-ամյա կապիտան Գարեգին Նժդեհն իր մասին արդեն կարող էր ասել. «Հանուն իմ հեղափոխական հավատամքի, եղել եմ բոլոր բանտերում, Արաքսի ափից մինչև Պետրոգրադ։ Ավելի քան երեք տարի ես շղթաներ եմ մաշել բանտերում և աքսորավայրերում։ Կռվել եմ և կռվելու եմ բռնության դեմ՝ ինչ քողի տակ և ինչ գույնով էլ որ դա երևան գա…»2։
Իսկ ժամանակի բռնության «քողն ու գույնը» դժվար էր ջոկել՝ այնքան թանձրացած էր այն։ Հայոց պատմության օրհասական օրերն էին. ռուսական բանակը նահանջում ու կազմալուծվում էր՝ հանուն «պայծառ գալիքի»։ Հոգնած ու զայրացած հայ կամավորները խումբ–խումբ Ալեքսանդրապոլ էին հասնում՝ միամտորեն հուսալով, թե հետապնդող թուրքերն Արփաչայը գոնե չեն անցնի։ Նժդեհը քչերից մեկն էր, որ Ալեքսանդրապոլում անգործ չնստեց։ Իր զինակիցների հետ հասնելով քաղաք, նա փորձեց նաև եզդիներից մի զորամաս կազմակերպել, սակայն դեպքերի արագ ընթացքը խանգարեց այդ նախաձեռնությանը, որը հետագայում իրականացրեց Դրոն՝ Բաշ Ապարանի կռվի նախօրյակին3։ Իսկ Նժդեհին վիճակված էր ավելի մեծ առաքելություն։ 1918թ. մայիսի 15-ին թուրքերը մտան Ալեքսանդրապոլ և սկսեցին կոտորածը։ Զորքն ու ժողովուրդը խաճապահար փախան Ղարաքիլիսա ու Դիլիջան։ Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Նազարբեկյանը Ղարաքիլիսայի զորախմբի հրամանատարին հրամայում է. «Ղարաքիլիսայի վրա թուրքերի հարձակման դեպքում» նահանջել Շահալի ու Դիլիջան4։ Դա վերջնական կործանում էր նշանակում։ Հարկավոր էր ամեն գնով կազմակերպել Ղարաքիլիսայի պաշտպանությունն ու կանգնեցնել թուրքերի առաջխաղացումը։ Այդ իրականացրեց Գարեգին Նժդեհը։ Գնդապետ Ռուբեն Նարինյանը հիշում է, որ Նժդեհը նախ իր հեծելազոր հարյուրյակով հետախուզություն կատարեց, ճշտեց թուրքերի տեղը, այնուհետև մայիսի 23-ին Դիլիջանում, եկեղեցու բակում գումարված բազմամարդ միտինգում, Մեսրոպ եպիսկոպոս Տեր-Մովսիսյանի, գեներալ Համասյանի և ուրիշների հետ հանդես եկավ մի կրակոտ ճառով5։ Ապա, համաձայն Թուրշյանի ուսումնասիրությունների, Նժդեհն առաջինը իր հեծյալ խմբով և գնդապետ Ա. Մելիք-Շահնազարյանի առաջին հեծյալ գնդի երկու հարյարյակներով վերադարձավ Ղարաքիլիսա և մայիսի 24-ի լուսաբացին տեղ հասնելով վերսկսեց հետախուզությունը6։
Ղարաքիլիսայում Նժդեհի կազմակերպչական նշանակալի դերի մասին է խոսում նաև կռիվների մասնակից Մուշեղ Ղազարյանը. «Վերջին պայքարի խիզախ քայլը պատկանում էր Դիլիջանին, ուր կենտրոնացել էին հայ զորքի կազմալուծված մասերը և փախստականների հոծ բազմություն։ Նրանց մեջ ռազմական տրամադրություն ստեղծողը եղավ Նժդեհը»7։
Մինչև օրս 1918թ. ինքնապաշտպանական կռիվների վերաբերյալ պատմաբանների վեճը չի լուծվում միայն այն պատճառով, որ նրանցից ոչ մեկը չի փորձում բացահայտել ժողովրդական այնպիսի հերոս-ղեկավար-կազմակերպիչների դերը, ինչպիսիք էին Արամ Մանուկյանը, Դրո Կանայանը, Նժդեհը և ուրիշներ։ Պատմաբանների մի մասը գտնում է, որ «ճակատամարտերում գլխավոր, վճռորոշ գործոնը հայկական ազգային զորամասերն էին իրենց հրամանատարներով, որոնցից և ոչ մեկը դաշնակցության անդամ չէր8, և բացառում կամ թերագնահատում է ժողովրդական զանգվածների մասնակցությունը, քանի որ այս դեպքում արդեն վերջիններս «զրկվում էին» ղեկավարությունից։ Մյուս մասը, թերագնահատելով կադրային զինվորականությանը՝ «…փաստորեն վերացավ նրա (Նազարբեկյանի– Ա. Թ.) ղեկավարությունն ու գիծը, և պատերազմն ընդունեց ինքնապաշտպանության ժողովրդական գոյամարտի բնույթ»9, վերստին անտեսում է ազատամարտի առաջնորդներին։ Երկու դեպքում էլ տեղը մնում է բաց. հանիրավի անտեսվում են դաշնակցական կուսակցության անդամ, իսկական ժողովրդական հրամանատարները։
Ղարաքիլիսայի չորսօրյա կռիվները, վերջին հաշվով, կասեցրին թուրքերի առաջխաղացումը, և եթե հետագայում Վեհիբ փաշան գրում էր, որ «Ղարաքիլիսայի տակ հայերը ցույց են տվել, որ նրանք կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»10, ապա դա անտարակույս նաև Նժդեհի շնորհիվ, որին առջևում սպասում էին նոր փորձություններ։
1918թ. մայիսի 28-ին՝ Սարդարապատի ու Բաշ-Ապարանի հաղթական ճակատամարտերից հետո, հռչակվեց Հայաստանի հանրապետությունը։ Մինչ այդ «հայ դաշնակցականների կուսակցությանը,— ինչպես Ա. Միկոյանն է գրում,— պահանջում էր ֆեդերատիվ դրություն Ռուսաստանի կազմում» և նրանից անջատվելու միտք չուներ11։ Սակայն Ռուսաստանն իր հոգսերով էր զբաղված, և Հայաստանին այլ ելք չէր մնում։ Հազիվ մեկ օր առաջ իրեն պետություն հռչակած Ադրբեջանն արդեն ռազմական գործողություններ էր ձեռնարկել Ղարաբաղը, Ուտիքը, Զանգեզուրն ու Նախիջևանը զավթելու համար։
1919թ. հունիսի 4-ի Բաթումի պայմանագրից հետո Անդրանիկը Դիլիջանում լսելով այդ մասին, ու այլևս իր և իր «զորամասի ներկայությունը Հայաստանի սահմաններուն մեջ անհնար համարելով»12, որոշեց Իրանի վրայով անցնել Միջագետք՝ օգնելու հայ գաղթականներին և միանալու անգլիական զորքերին՝ Թուրքիայի դեմ պատերազմը շարունակելու համար։ Նա հասավ մինչև Խոյ, բայց անգլիացիների չհանդիպելով, իր շուրջը հավաքված մոտ 20 հազար գաղթականների բերեց Նախիջևան։ Սակայն Հայաստանի հանրապետության կողմից օրենքից դուրս հռչակված զորավարն օգնության ոչ մի հույս չունենալով, հուլիսի 23-ին որոշեց նահանջել Խալիլ փաշայի թուրքական բացարձակ գերակշռության առջև։ 1918թ. օգոստոսից մինչև 1919թ. ապրիլը Անդրանիկը մնաց Զանգեզուրում ու պաշտպանեց երկրամասը։ Պատերազմն ավարտվեց։ Թուրքերը հեռացան Անդրկովկասից՝ իրենց տեղը ժամանակավորապես զիջելով անգլիացիներին։ Թուրքիայի դեմ այլևս կռիվ ու կռվող կողմ չկար։ Երկրամասը հանձնելով հանրապետության լիազոր ներկայացուցիչ գնդապետ Արսեն Շահմազյանին, Անդրանիկը հեռացավ Հայաստանից՝ Արևմտյան Հայաստանի փրկության նոր ուղիներ որոնելու։
Իր ստոր նպատակներին հասնելու համար Ադրբեջանի կառավարությունը 1918թ. ամռանը նորից օգնություն է խնդրում Թուրքիայից և անգլիացիների օժանդակությամբ մի քանի տասնյակ հազար թուրք-թաթարական ասկյարներ է մտցնում Շուշի, ու արդեն Ելիզավետպոլի, Շուշիի և Նախիջևանի ուղղություններով սպառնում հարձակվել Զանգեզուրի վրա։
Գորիսից հայտնում էին հանրապետության ղեկավարությանը, որ «Օխճու ձորում (Ղափանի շրջան) թյուրքական հորդաներն տաճկական սպաների ղեկավարությամբ զինվորական մարզանքներ են կատարում, նույնիսկ պարզ երևում են սպաները կարմիր ֆեսերով։ Դաշտերում զարկած են մի շարք վրաններ, որոնք ապացուցում են, որ պատրաստություններ են տեսնում գալիք հարձակումների համար, որ այս բոլորը տեղական պատահական բնույթ չի կրում»13։
Հունիսին արդեն թուրքերը մի քանի հարձակումներ էին կատարել Ղափանի վրա և ջարդվելով ետ էին դարձել՝ թողնելով զոհեր, 3 գնդացիր, 120 հրացան, 15 ձիաբեռ փամփուշտ ու պարեն14։ Մինչդեռ Անդրկովկասում բրիտանական ուժերի պետ գեներալ-մայոր Կոռին մայիսի 31-ի իր գրությամբ Հայաստանի հանրապետության նախագահից պահանջում էր Զանգեզուրից անմիջապես ետ կանչել իր ներկայացուցչին, մինչև այդ երկրամասի հարցի վերջնական լուծումը15։
Ահա այս դժվարին պայմաններում Նժդեհը նշանակվեց Կապարգողթի (Կապան-Արևիկ-Գողթն) հրամանատար և իր փոքրաթիվ հեծյալ ջոկատով մեկնեց Զանգեզուր։ Ըստ նրա կենսագիր Ավոյի, Նժդեհը «1919թ. օգոստոսին Երևանեն կանցնի Գողթան»16, բայց Նժդեհի մի քանի գրություններից երևում է, որ նա Զանգեզուրում է եղել արդեն հունիսի սկզբներին17։
Մի ոչ էական ճշգրտում ևս. Ավոն, ինչպես նաև Ռիչարդ Հովհաննիսյանը, Նժդեհին այդ ժամանակ անվանում է փոխգնդապետ18, սակայն Հայաստանի հանրապետության զինվորական նախարարության ֆոնդում պահպանվել է 1919թ. դեկտեմբերին Արսեն Շահմազյանին փոխարինած Զանգեզուրի զինվորական ուժերի հրամանատար գեներալ-մայոր Ն. Ղազարյանի N 0266 գաղտնի միջնորդագիրը19, որից պարզվում է, որ «կապիտան Գարեգին Տեր–Հարությունյանը–Նժդեհը» մինչև 1920թ. փետրվարը, համենայնդեպս, փոխգնդապետի աստիճան չի ստացել։ Կից ներկայացված Նժդեհի «Պարգևաթերթում» Ղազարյանը միջնորդում է նրան իր կատարած ծառայությունների համար անմիջապես գնդապետի աստիճան շնորհել20։