00:40 , 12 փետրվար, 2015Pastinfo.am-ը գրում է.

Սեփական ավտոմեքենան որպես տաքսի վարող 56-ամյա Հարություն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է՝ խուլիգանական դրդումներով դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը:
Միաժամանակ դատարանի որոշմամբ՝ գործի վարույթը կարճվել և Հարություն Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է` դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ:
Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա 2014 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Երևանում ավտոճանապարհի երթևեկելի գոտու աջակողմյան հատվածում, ավտոմեքենան իր ավտոմեքենայի տեղում կայանելու պատճառաբանությամբ վեճի է բռնվել տուժողի հետ, ով նույնպես տաքսու վարորդ է եղել: Վեճի ընթացքում Մանուկյանն, ըստ մեղադրանքի, «չնչին առիթն օգտագործելով, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքից մղված, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել տուժողի հասցեին, ձեռքերով, ոտքերով և մետաղյա ձողով դիտավորությամբ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին»: Դրա հետևանքով ձախ անրակային շրջանի քերծվածքի, վերին և ստորին շրթունքների ներսային մակերեսների արյունազեղումների և աջ այտոսկրի կոտրվածքի ձևով տուժողի առողջությանը պատճառվել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք տվել, որ հիմնականում իր մեքենան կայանել է Երևան քաղաքի Ռիգայի և Արաբկիր 19 փողոցների խաչմերուկում, քանի որ դա իր բնակավայրն է և բոլորը տեղյակ են եղել, որ ինքը միշտ այդտեղ է մեքենան կանգնեցում և այդտեղից է ուղևորներին տեղափոխում: Երևան քաղաքում տաքսիստների մեջ ձևավորված սովորույթի համաձայն, յուրաքանչյուր մեքենա ունի իր կայանման վայրը, օրինակ՝ ինքը չի կարող այլ վայրում իր տաքսին կայանել և այդտեղից աշխատել: Նշված տարածքում այլ տաքսի ավտոմեքենա կանգնելու դեպքում, իր խնդրանքով, վերջիններս հեռացել են:
2014 թվականի փետրվարի 19-ին, ժամը 16:40-ի սահմաններում եկել է հիշյալ խաչմերուկ, որտեղ նախապես կանգնած է եղել «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենա: Մոտ 1 րոպեի չափով ձայնային ազդանշան է տվել, որպեսզի վերջինս կամ առաջ գնա, կամ հեռանա այդ տարածքից, սակայն նշված մեքենայի վարորդը մոտեցել է իր մեքենային և կոպիտ կերպով հարցրել է իրեն. «Ինչա՞, անունդ գրածա՞ ստեղ», որից հետո ինքն առանց վիճելու, հայհոյելու և գոռալու խնդրել է, որ վերջինս հեռանա, սակայն նա մոտեցել է վարորդի դռանը և պատուհանից ձեռքը մտցրել ներս ու բռնել է իրեն պարանոցից: Դրանից հետո պաշտպանվելու նպատակով ինքը բացել է մեքենայի դուռը, դուրս եկել ու ձեռքով հարվածել է տղամարդուն, իրենց միջև ծեծկռտուք է սկսվել: Ինքը մի քանի անգամ բռունքով հարվածել է նրան, սակայն հստակ չի հիշում, թե կոնկրետ որ մասին: Վերջինս ևս հարվածել է իրեն, այդ ընթացքում իրենք տվել են փոխադարձ հայհոյանքներ: Ինքը ձողով տղամարդուն չի հարվածել, նրան ձեռքով հասցված իր դիպուկ հարվածները վերջինիս պատճառել են մարմնական վնասվածքներ, քանի որ նախկինում ինքը զբաղվել է սպորտով: Ամբաստանյալը հայտնել է նաև, որ դեպքից հետո հոգացել է տուժողի բուժման ծախսերը:
Տուժողը, ով 2014 թվականի փետրվար ամսին իրեն ամրակցված «BYD» մակնիշի մեքենայով աշխատել է որպես վարորդ «Չաո» տաքսի ծառայությունում, հայտնել է, որ Հարություն Մանուկյանի կողմից իր առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հետ կապված չի բողոքում, նյութական կամ որևէ այլ պահանջ չունի, քանի որ հաշտվել է ամբաստանյալի հետ:
Մեղադրանքը վերաորակելու հետ կապված դատարանը գտել է, որ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը խուլիգանական դրդումներով որակելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հանցավորի դիտավորության ուղղվածությունը, շարժառիթները և նպատակները, կատարած գործողության հանգամանքները: «Անձնական հարաբերություններից ելնելով կատարված արարքը խուլիգանական դրդումներով դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառել չի կարող որակվել»,- նշվում է դատարանի որոշման մեջ:
Չփարատված կասկածները հօգուտ ամբաստանյալի մեկնաբանելով` դատարանը հաստատված է համարել, որ փոխադարձ վեճը և կռիվը նրանց միջև տևել է շուրջ 5 րոպե, իսկ նախահարձակ եղել է տուժողը: Դատարանը հանգել է այն հետևության, որ տուժողի առողջությանը միջին ծանրության վնասը պատճառելու հարվածը հասցնելուն նախորդել է վեճը և փոխադարձ ծեծը, որոնք, ըստ էության, հաստատվում են գործի բոլոր ապացույցներով: Այսինքն՝ ամբաստանյալը հարվածը հասցրել է արդեն իսկ առաջացած վեճի և դրան հաջորդող կռվի ավարտման ժամանակ: Նման պայմաններում որևէ ապացույցով չի հաստատվում խուլիգանական դրդումներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու Հարություն Մանուկյանի դիտավորությունը, հետևաբար՝ նրա արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցակազմը:
Ամբաստանյալի կատարած հանցանքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին: