Հայկական արտադրության զրահապատ մեքենա, որը շատ պարամետրերով չի զիջում Hummer-ին. ինչո՞ւ այս նախագիծը կյանքի չի կոչվում (Video)


13:31 , 10 փետրվար, 2015

Ժամանակակից պատերազմների փորձը ցույց է տալիս, որ մարտական զրահապատ մեքենաների դարաշրջանը ոչ միայն չի անցել, այլև դրանց վերածնունդն է հիմա։ Դա մենք կարող ենք տեսնել ամերիկյան բանակի վերջին երեք տասնամյակների գործողություններն ուսումնասիրելիս, դա մենք կարող ենք տեսնել Լիբիայի ու Սիրիայի պատերազմների փորձն ուսումնասիրելիս։

Խորհրդային ռազմական դոկտրինի համաձայն՝ շեշտը դրված էր հետևակի մարտական մեքենաների ու այլ թեթև զրահապատ տեխնիկա արտադրելու վրա, որոնք թեև ավելի ուժեղ սպառազինություն ու ավելի ուժեղ զրահ ունեն, քան զրահապատ մեքենաները, բայց շատ ավելի դանդաղաշարժ են ու էապես զիջում են իրենց մոբիլությամբ։ 

Այս տարբերությունները հատկապես զգացվում են քաղաքային մարտերում, ինչի ողբերգական հետևանքները մենք տեսանք Չեչենական առաջին պատերազմում, երբ ռուսները հարյուրավոր միավոր զրահապատ տեխնիկա կորցրեցին Գրոզնիի փողոցային մարտերում, որտեղ նրանց՝ դանդաղաշարժ ու քաղաքային մարտերի համար չնախատեսված զրահապատ տեխնիկայի շարասյուներն անդադար հայտնվում էին չեչեն գրոհայինների պատրաստած ծուղակներում։

Զրահապատ մեքենաների ֆունկցիան մարտի դաշտում հետևակի մոբիլությունն ու պաշտպանվածությունը բարձրացնելն ու կայծակնային հետախուզա-մարտավարական խնդիրներ կատարելն է։ Դրանց զրահը պաշտպանում է անձնակազմին հրազենային խոցման ստադարտ միջոցներից ու մանր բեկորներից, իսկ զրահամեքենաների վրա մոնտաժվող գնդացիրները, ավտոմատ նռնականետերն ու այլ սպառազինությունն ավելացնում են հետևակի կրակային պոտենցիալը։

Քչերը գիտեն, բայց մեր հայրենական ռազմական արդյունաբերությունը վաղուց արդեն մշակել է հայկական զրահամեքենայի կոնցեպտ, որն առայժմ հում է ու դեռ էքսպերիմենտալ նմուշի կարգավիճակում է։ Եթե այս կոնցեպտն ավարտուն տեսքի հասցնել, ապա մենք կունենանք հայկական զրահամեքենա, որն իր շատ պարամետրերով չի զիջի արտասահմանյան անալոգներին, իսկ գին-որակ-արդյունավետություն չափանիշի առումով կարող է նույնիսկ գերազանցել նույն ամերիկյան Hummer-ներին ու ռուսական Тигр-ներին, սակայն, ցավոք սրտի, այս պահին աշխատանքները դոփում են տեղում՝ ֆինանսավորման բացակայության պատճառով։ 

Սա լուծում պահանջող խնդիր է, քանզի «Հայկ»-ն ավարտուն տեսքի հասցնելու ու դրա արտադրությունը սկսելու դեպքում մենք միանգամից մի քանի նապաստակ կխփենք.

1. Մեր բանակի հետևակային ստորաբաժանումները կստանան աջակցության ու փոխադրման ավելի մոբիլ, ավելի ժամանակակից ու ավելի արդյունավետ միջոց, քան ՈւԱԶ-ներն ու Վիլլիսներն են և ավելի արդյունավետ միջոց քաղաքային մարտերի համար, քան մեր ՀՄՄ-ներն ու ԲՏՌ-ներն են։ Սա, ի թիվս մարտական խնդիրների ավելի արդյունավետ կատարման, կբերի նաև մարտական կորուստների նվազեցման հավանական մարտական գործողությունների դեպքում։

2. Զենք արտադրելն ավելի շահավետ է, քան այդ զենքը պատրաստի տեսքով գնելը, քանի որ բացի նրանից, որ որպես կանոն դա ավելի էժան է, սեփական արտադրությունն ունի մի շարք դրական կողմեր՝ աշխատատեղերի ստեղծում, միջազգային շուկա դուրս գալու հնարավորություն, ռազմաարդյունաբերական ու դրան սպասարկող քաղաքացիական ինֆրաստրուկտուրայի զարգացում։

Ինչպես տեսնում եք, հեռանկարները խոստումնալից են, բայց ինչպես նշեցի՝ առայժմ դրանց իրականացման համար չկան անհրաժեշտ միջոցներ...