Ծառուկյանի խոսքի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասություններն աղաղակող էին. Գ. Սահակյան


11:26 , 6 փետրվար, 2015

Գագիկ Ծառուկյանի հրավիրած երեկվա քաղաքական խորհրդաժողովի արձագանքները, փաստորեն, չուշացան։ Բացի այն, որ չուշացան, եղան շատ կտրուկ։ Գալուստ Սահակյանն է քիչ առաջ հարցազրույց տվել ու ահագին խիստ է խոսել։ Եթե Ծառուկյանի մասին խոսելիս մինչ օրս հանրապետականները զուսպ էին ու ավելի շուտ արձագանքում էին արձագանքելու համար, ապա Գալուստի՝ այս անգամվա խոսքը կտրուկ տարբերվում է նախորդներից իր կոշտությամբ։ 
Գալուստը պնդում է, որ Ծառուկյանի տեքստի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասություններն աղաղակող էին: Ասում է, որ տպավորություն է ստացել, որ մի քանի հոգի են աշխատել ու մեխանիկորեն կպցրել իրար: «Օրինակ՝ նրանցից մեկը պնդում է, որ կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում են, երբ հակառակորդը սպառնում է նոր լայնամասշտաբ պատերազմով, չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել: Մինչդեռ նույն ելույթում՝ մի քանի տող վերև, մյուս հեղինակը պնդում է, որ այսօր, նման իրավիճակում կարելի է ու պետք է գնալ խոշոր հանրահավաքների, հզոր հանրահավաքների և այլն: Նման խայտառակ հակասությունները զվարճալի կլինեին, եթե այսքան անտրամաբանական չլինեին»,-ասում է Սահակյանը:

Ապա Գալուստը հավելում է, որ իր կարծիքով՝ ՀՀԿ գործադիր մարմինն իր գալիք նիստերից մեկում կքննարկի Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցված այդ մի քանի դրույթները և քաղաքական արձագանք կտա դրանց:

Մի խոսքով, սպասենք նոր զարգացումների։ Ծառուկյանի խոսքը խիստ է խոցել իշխանավորներին։