Համաժողովրդական նորմատիվը չի խախտվել, հետո կերևա


19:33 , 3 փետրվար, 2015

ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՌԴ գլխավոր դատախազին գործը մեզ փոխանցելու համար: Մանրամասները դեռ չեմ կարդացել: Վատ չէ, ուշ է, բայց ոչ ուշացած: Ինչո՞ւ էս սհաթիս, ի՞նչ է պատահել: Լուրը տարածվեց 5 ժամ անց այն բանից, երբ ռուսական գործակալությունը նեյնիմ չհանդուրժող տոնով հայտարարեց, որ իրենք են անելու դատուդատաստանը և ռուսական բազայում ...

Ի՞նչ կարող է սա նշանակել: Գուցե մտածել են, որ պատրաստ են արդեն գործը մերոնց հանձնել ու ձեռի հետ ՀՀ իշխանության ու իրենց երեսը լվալ, «դիմեք՝ մենք էլ կտանք» մեխանիզմով, ու իրենց կարծիքով՝ արդար կլինի, կրքերը կհանդարտվեն... Այս դեպքում կամ իսկապես գործը մաքուր քրեական է և մեկ մեղադրյալով ավարտվող բան է, կամ այդպիսի լավ մշակած լեգենդ ունեն, ինչը գրեթե անհնար է, որ քննության բռնի հանրային, հավաքական, թող որ քաոսային ինտելեկտի առաջ: 6-րդ հոդվածի հիմքը, որ հիշատակվում է Գ.Կոստանյանի դիմումում, իմ հիշելով՝ «հանցախմբի» հանգամանքն է, այս դեպքում ստացվում է, որ հանրությունից փակ քննությամբ, այնուամենայնիվ, ստիպված են եղել բացահայտել ևս առնվազն մեկ հանցակցի կամ իսկապես բացահայտել են: Բայց ճիշտն ասած՝ խմբակայինի հիմքով դատախազը դեռ հունվարի 13-ին կարող էր դիմել ՌԴ դատախազին, որովհետև փախած զինվորին կարող էր հանցակից համարել նրանց, ովքեր նրան առևանգեցին զորամասից դուրս գտնվող տարածքում, ի՞նչ իմանաս՝ հանցակից չէին: Սակայն դատախազը դիմումը չգրեց ոչ 13-ին, ոչ Գյումրու ցույցերի ու բախումների ժամանակ և ոչ էլ անցած 18 օրերի ընթացքում, երբ ինչ մասխարա ասես պատմեցին իր վրա: Ուրեմն կամ իսկապես որոշել են ինչ-ինչ քողարկման մեխանիզմով դատաքննություն անել, որ էլի բան չիմանանք, կամ իսկապես մաքուր քրեական պատմություն է՝ մի քանի դերակատարներով, կամ ուղղակի որոշել են չլոցի անել՝ ժամանակ շահել, մինչև անցնի արցախյան արևմտյան ճակատի կռիվների ղալմաղալը: Կամ էլ էլի մի բան կա, խելքս չի հասնում, կներեք:

Դատախազները մերի պես երկրներում ինքնուրույն որոշումներ չեն կայացնում այսօրինակ գործերով, ինչպես գիտեք, Կոստանյանն առանց Ս.Սարգսյանի թույլտվության նման բան չէր անի, ու Սարգսյանն առանց Պուտինի վարորդի համաձայնության նման հանձնարարություն չէր տա Կոստանյանին: Այդուհանդերձ. Կոստանյանը կարողացավ և պաշտոնը պահպանել, և, թող, որ ուշացումով, խոսքին տեր լինել: Հիմա քչերը կհիշեն իր հունվարի 13-ի երեկոյան ելույթը, թե գործը և կասկածյալը ՌԴ-ինն են, չեն մտաբերի, որ միայն ժողովրդական ճնշումներից հետո էր, որ ստիպված եղավ նահանջել իր բռնած դիրքից և խոստանալ մի բան, որ իսպառ հակառակվում էր 36 ժամ առաջ բռնած դիրքին, 18 օր անց էլ, այնուամենայնիվ, խոստացածն արեց, տեսնենք՝ ինչքան է հետևողական լինելու:

Խոստովանեք, որ Կոստանյանը 40 օրվա համաժողովրդական նորմատիվը չի խախտել, հետո կերևա...