Միասին պետք է պայքարենք ոտնահարված իրավունքները վերականգնելու համար


04:22 , 2 փետրվար, 2015

Փաստորեն, ժողովրդավարական Արցախում ոտնահարված են խոսքի ազատությունը, երթերի ու ցույցերի ազատությունը: Նույն բանը տեղի ունեցավ Շարլի Հեբդոյի դեպքում, սակայն, եթե այն դեպքում խոսքը վերաբերում էր մուսուլմանական անհանդուժողականությանը քրիստոնեական ազատությունների նկատմամբ, ապա այս դեպքում մենք գործ ունենք հայկական անհանդուրժողականության հետ հենց ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ազատությունների նկատմամբ:

Անկախ այն բանից, թե ես կիսում եմ կամ ոչ երթի մասնակիցների կարծիքը, գաղափարները՝ ես պատրաստ եմ պայքարել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ազատությունների համար, որոնք տարածվում են բոլորիս վրա:

Բերձորում տեղի ունեցած դեպքը ոչ այլ ինչ է, քան մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում, և այստեղ էլ էական չէ, թե դա հանուն ինչի է արվել:

Բոլորս՝ թե ՀՀ, թե ԼՂՀ քաղաքացիներս, միասնականորեն պետք է պայքարենք այդ անհանդուրժողականության դեմ և պահանջենք ԼՂՀ իշխանություններին պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Միայն այս դեպքում հնարավոր կլինի փակել ՀՀ-ում և ԼՂՀ-ում բնակվող մեր հայրենակիցների միջև երեկվա դեպքերից հետո առաջացած ճեղքը:

Արցախցիները մեզ հետ հավասար պետք է պայքարեն մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: Ազգովի Շարլի Հեբդոյի դեպքերով էինք ապրում, նույն անհանդուրժողականությունը երեկ տեղի ունեցավ մեզ մոտ: