Սիրում եմ առավոտները և ոչ մի առավոտ չեմ փոխի հազար ու մի աստղազարդ գիշերների հետ: Մեր երկուսի առավոտներն եմ սիրում, անձրևային արշալույսներին արևներ սփռող քո հայացքն ու սառը օդըջերմացնող շնչառությունդ եմ սիրում: Գիշերները հափշտակող առավոտների նման՝ իմ ամբողջ մարմինը կուլ տվող քո շրթունքներն եմ սիրում, որոնք ամեն առավոտ շուրթերիս են հպվում՝ երկար ու ձիգ ամոթալի գիշերներից հետո. ես իմ կոտոշավոր լինելն եմ սիրում: Բայց ես հպարտանում եմ իմ հավատարմությամբ ու հպարտորեն ես ինձ քեզնից բարձր եմ դասում: Դու նորից ու նորից աճուրդի ես հանում հազար անգամ գնված–ետ վերադարձված մարմինը քո, իսկ ես քեզ առանց փողի եմ տիրում: Քո շրթունքներով հասունացած իմ շրթունքներն անկուսակցական շուրթերդ են զգում, ու թվում է, թե ամբողջ մարմինդ գիրկս եմ առնում: Ես իմ կուսական գիշերներն եմ սիրում ու քո անկույս առավոտները:
Ու երբ բացվում է մեր քաղաքի լուսաբացը, դու նորից անզուսպ կրքով գիրկս ես նետվում: Հեռվից հեռու ես լսում եմ քո ոտանաձայները ու սկսում եմ արագ չխչխկալ: Դու զգուշորեն բացում ես սենյակիս դուռն ու այնպես ես սեղմում ինձ քո ափերի մեջ, որ ինձ թվում է, թե ուր որ է ես կկոտրվեմ: Ամեն առավոտ զգում եմ քո սառը ձեռքերը և տաք թեյը՝ ամբողջ խորությամբ: Դու մոտեցնում ես քո շրթունքներն իմ շրթունքներին, ու մենք երկար ժամանակ համբուրվում ենք: Ես դատարկվում եմ ամբողջ էությամբ, իսկ թեյը՝ ամբողջ խորությամբ: Եվ այս փոխադարձ համագործակցությունից ամեն առավոտ սկսվում է մի նոր, անմեղ սիրավեպ՝ հազար ու մի մեղսագործ գիշերներից հետո: