17:54 , 31 հունվար, 2015
1in.am-ը գրում է․
Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուց հետո Հայաստանից ՌԴ մեկնած քաղաքացիներին տրվեցին որոշակի արտոնություններ: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիներից Ռուսաստանում աշխատելու համար չի պահանջվում ունենալ թույլատվության բնույթի որևէ փաստաթուղթ:
Աշխատանքի տեղավորման պետության տարածք մուտք գործելու օրվանից սկսած 90-օրյա ժամկետը լրանալուց հետո պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ՀՀ քաղաքացի աշխատանքային միգրանտն ունի իրավունք 15 օրվա ընթացքում կնքել նոր պայմանագիր՝ առանց աշխատանքի տեղավորման պետության տարածքից դուրս գալու:
ՀՀ քաղաքացիներին տված մի շարք արտոնությունների հետ մեկտեղ, գնալով ավելանում է այն քաղաքացիների թիվը, ովքեր Ռուսաստան մուտք գործելու արգելք ունեն, ի դեպ՝ նվազագույնը 3 տարվա ժամկետով:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ այդ քաղաքացիների թիվն առայժմ տատանվում է 40․000-ի սահմաններում: Ի դեպ, գրեթե բոլորը Ռուսաստան մուտք գործելու արգելքի մասին իմանում են այն պահին, երբ նորից ցանկանում են մեկնել այդ երկիր:
Թե՛ արտաքին գործերի նախարարությանը, թե՛ միգրացիոն ծառայությանը և թե՛ անգամ ՀՀ վարչապետին գրված բողոք դիմումներն առայժ անպատասխան են։ Լավագույն դեպքում պատասխանում են, թե այդ հարցն առայժմ լուծում չունի, սակայն փորձում են կարգավորել:
Նրանցից շատերի համար Ռուսաստան մեկնելն անգամ կենսական անհրաժեշտություն է: 45-ամյա Ռ․ Բաղդասարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատմեց, որ աշխատանքը կատարելու ընթացքում վնասվածք է ստացել, և տվյալ ընկերությունը պարտավորվելէ հոգալ վիրահատական ծախսերը, սակայն հիմա՝ ՌԴ մեկնելու արգելքի պայմաններում, անհրաժեշտ վիրահատությունն անել չի կարող․ «Հայաստանում ստացած գումարը նույնիսկ ապրելու համար չի հերիքում, ինձ այս վնասվածքի համար 5 վիրահատություն է անհրաժեշտ, որոնցից երկուսն արդեն կատարվել են այնտեղ, պետք է կատարվեն նաև մնացած երեքը, բայց երեք տարվա արգելք է դրված»,- ասաց նա՝ հավելելով, որ ՌԴ միգրացիոն օրենսդրության «սև ցուցակում» հայտնվելու մասին իմացել և անակնկալի է եկել միայն այն ժամանակ, երբ նորից ՌԴ մեկնելու ցանկություն է ունեցել:
Նա հավելեց, որ Ռուսաստանի օրենսդրությունը խախտել է չիմանալով՝ սահմանված ժամկետից 2 շաբաթ ավելի է մնացել:
Հայաստանում «համաներվելու» պահանջով բողոքի ակցիաներ անցկացրած Ալեն Հարությունյանն էլ «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ իր շրջապատից առնվազն 70 մարդ գիտի, որ Ռուսաստան է մեկնում աշխատելու նպատակով, բայց այժմ 3 տարվա արգելք ունի․ «Մեր խնդրածը համաներումն է, մենք ոչ հանցագործություն ենք արել, ոչ էլ այդպիսի անթույլատրելի հանցանք, որ նման ճակատագրի ենք արժանանում: Բայց մեզ ոչ մի պատասխան չեն տալիս, անգամ միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանին չենք կարողանում հանդիպել. միշտ ակցիաների ժամանակ իր տեղակալն է դուրս գալիս ու ասում, որ մեր ճակատագիրն առայժ անորոշ է»:
ՌԴ միգրացիոն «Սև ցուցակն» անգամ ընտանիքներ է բաժանում: Այդ ցուցակում հայտնված տիկին Ռուզաննան մեզ հետ զրույցում պատմեց, որ ամուսինն ու երեխաներն այնտեղ են, ինքն էլ ծնողներին այցելելուց հետո, երբ հերթական անգամ ցանկացել է մեկնել Ռուսաստան, պարզել է՝ երեք տարի այնտեղ գնալ չի կարող:
Ավելացնենք, որ ՀՀ միգրացիոն ծառայության կատարած աշխատանքը «Սև ցուցակում» հայտնված ՀՀ քաղաքացինրի համաներման հետ կապված սահմանափակվել է միայն նրանցից մոտ 3000-ի դիմում-խնդրանքները ՌԴ միգրացիոն ծառայությանն ուղարկելով․ առայժ դրանք մնում են անպատասխան: