Այս ընկերությունը պատրաստ է 13.000 դոլար վճարել Ձեր արտաթորանքի դիմաց


16:02 , 31 հունվար, 2015

Միչիգանի համալսարանի գիտնականները մշակել են մի մեթոդ, որով կարողանում են փոխպատվաստել արտաթորանքը։ Գիտենք, գիտենք՝ Ձեր գլխում հարցերի անվերջ տարափ է. «Ինչի՞ համար է անհրաժեշտ արտաթորանքի փոխպատվաստումը», «ո՞ր նորմալ մարդը կթողնի իր օրգանիզմ ուրիշի արտաթորանքը փոխպատվաստվի», «գժվե՞լ եք, ինչ է»... Փորձենք հերթով պատասխանել հարցերի այս անվերջ շարանին։

Բազմաթիվ աղեստամոքսային հիվանդությունների առաջացման պատճառը «Clostridium difficile» տեսակի բակտերիաներն են։ «Clostridium difficile» դեմ պայքարի բոլոր ավանդական միջոցները չէ, որ արդյունավետ են։ Ուստի մասնագետները բակտերիայի դեմ պայքարի նպատակով առողջ մարդու աղեստամոքսային ուղուց վերցված արտաթորանքը մտցնում են «Clostridium difficile»-ի հետ կապված աղեստամոքսային խնդիրներ ունեցող մարդկանց ուղիղ աղիք։ Հետազոտությունները ցույց են տվել, որ առողջ միկրոֆլորան նպաստում է այս վտանգավոր բակտերիայի վերացմանն ու վերականգնում միկրոօրգանիզմների հավասարակշռությունը հիվանդ մարդու աղիքներում։ Այսպիսի բուժման արդյունավետությունը 90 տոկոս է կազմում։ «OpenBiome» ընկերությունն արտաթորանքի բանկ է բացել, որտեղ ցանկացած մարդ կարող է հանդես գալ իբրև արտաթորանքի դոնոր։

Փաստորեն, Դուք Ձեր արտաթորանքը կարող եք վաճառել։ Այս կերպ Դուք ոչ միայն կլորիկ գումար կաշխատեք, այլև կօգնեք հիվանդներին։ Եթե շաբաթական 4 անգամ արտաթորեք «OpenBiome»-ի արտաքնոցում, տարեկան կտրվածքով 13,000 դոլար կաշխատեք։ Այնուամենայնիվ, ամեն ոք չէ, որ կարող է արտաթորել այս արտաքնոցում։ Արտաթորանքի բանկի աշխատակիցները նախ գրանցում են պոտենցիալ դոնորներին իրենց գրանցամատյանում, ապա վերջիններս հարցաթերթիկ են լրացնում, որը նման է այն հարցաթերթիկներին, որոնք տրվում են արյան կամ սերմնահեղուկի դոնորներին։ Պատասխաններն ուսումնասիրելուց հետո բժիշկներն արյան անալիզ են վերցնում պոտենցիալ դոնորներից և միայն դրանից հետո որոշում, թե արդյոք ընդգրկել նրանց այն ընտրյալների ցանկում, ովքեր կարող են իրենց ապրուստը վաստակել սոսկ արտաթորելով։ Ինչ խոսք, սա գումար վաստակելու դյուրին եղանակ է, սակայն, ավաղ, բանկը տեղակայված է Մասաչուսեթսի Մեդֆորդ քաղաքում։