Այսօր աղի բլիթ ուտելու օրն է


15:52 , 30 հունվար, 2015

SP_A0014-2761in.am-ը գրում է․

Այսօր ավարտվում է Առաջավորաց պահքը: Վաղը Սուրբ Սարգսի տոնն է:

Ժողովրդական սովորության համաձայն Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը՝ այսինքն այս գիշեր, երիտասարդներ աղի բլիթ են ուտում՝ այն հույսով, որ երազում ապագա հարսնացուն կամ փեսացուն իրենց ջուր կտա:

Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում:

Այսօր ժամը 18.00-ին բացօթյա մեծ միջոցառում տեղի կունենա Կարապի լճի տարածքում: Ծրագրում` տոնը խորհրդանշող ձիավոր, սիրո յուրահատուկ խոստովանությունների մրցույթ, աղաբլիթներ, բացիկներ, փուչիկներ բոլոր ներկաների համար:

Վաղը Սուբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: Արարատյան Հայրապետական թեմում գործում են երեք Ս.Սարգիս անունը կրող եկեղեցիներ՝ առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի:

Հունվարի 31-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի առաջնորդանիստ, Նոր Նորքի և Արգավանդի ս. Սարգիս եկեղեցիները բաց կլինեն մինչև ժ. 22.00-ն:

Վաղը ժամը 14.00-ին, առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի խաչերթ: Մասնակիցները Մ. Մաշտոց և Մ. Բաղրամյան պողոտաներով կուղևորվեն դեպի Պողոսյան այգիներ՝ Սիրահարների պուրակ: