23:09 , 5 հոկտեմբեր, 2012![]()
Հոկտեմբերի 5-ը Հայաստանում և աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Ուսուցիչների օր: Դպրոցներում սովորաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ նվիրված այն մարդկանց, որոնց աչքի առաջ տարիներ շարունակ մեծանում են տարբեր սերունդներ:
Իրենց`արկածներով լի դպրոցական տարիների, սիրելի ուսուցիչների, դասընկերների և, իհարկե, առաջին սիրո մասին lurer.com-ի հետ կիսվեցին երգչուհիներ Անի Քրիստին, Հասմիկ Կարապետյանը և Ջուսը:
Մեզ հետաքրքրեց, թե երգչուհիները կապ պահպանում են իրենց դասղեկների, դասընկերների հետ, ինչ առանձնահատուկ հիշողություններ ունեն, որոնք ասոցացվում են հենց դպրոցական տարիների հետ և ինչ կցանկանային փոխել այսօրվա կրթական համակարգի՝ մասնավորապես դպրոցի մեջ:
Անի Քրիստի.
Երգչուհին դասընկերներին և դասղեկին հանդիպել է, երբ վերջին անգամ Երևանում է եղել: Ու յուրաքանչյուր հնարավորության դեպքում միշտ նրանց հետ հանդիպելու ժամանակ է գտնում. «Չնայած հեռավորությանը (Անին այժմ բնակվում է ԱՄՆ-ում), այժմ էլ նամակագրական կապ ենք պահպանում միմյանց հետ:
Դպրոցական տարիները թերևս կյանքիս ամենաանհոգ ու չարաճճի ժամանակներն էին, երբ չարաճճիություններով աչքի էինք ընկնում դպրոցում:
Ես եղել եմ այն պատանիներից, որոնց առաջին սերը ծնվել է հենց դպրոցի պատերի ներքո: Եթե չեմ սխալվում, առաջին դասարանում էի: Իհարկե, դա հասուն սեր չեմ կարող համարել, բայց այդ տարիքում զգացմունքներն այլ երանգ ունեն:
Ինչ վերաբերում է մերօրյա կրթական համակարգին, առաջնահերթ կցանկանայի փոխել աշակերտների վերաբերմունքը ուսուցիչների հանդեպ: Հիմա, որքանով ես տեղյակ եմ, իսկապես պակասում է այդ գործոնը: Իսկ կրթական համակարգում թերևս ոչինչ չէի փոխի, կարծում եմ՝ պրպտող և աշխատասեր մարդը միշտ էլ փորձում է շատ սովորել և հասնել կատարելության»:
Ջուս.
«Պետք է ցավով նշեմ, որ վաղուց չեմ տեսել դասղեկիս, երևի թե նրան հանդիպել եմ իմ՝ Մոսկվա տեղափոխվելուց առաջ:
Պիտի խոստովանեմ նաև, որ դասընկերներիս մեծ մասի հետ շփում չկա, երևի այն պատճառով, որ իրենց կողմից նախաձեռնություն չկա։ Նրանցից երկուսին հանդիպել եմ մոտ մեկ տարի առաջ»։
Ջուսը, ինչպես այսօր է աչքի ընկնում իր վառ կերպարով, պարզվում է նույնն է եղել նաև դպրոցական տարիներին. «Այդ տարիքում, սովորաբար հագնվում էի Մայքլ Ջեքսոնի ոճով, բացի այդ`կրում էի կարճ կիսաշրջազգեստներ, չէի հետևում սև ու սպիտակ հագնվելու դպրոցական կանոններին և միշտ տնօրենի հետ ընդհարումների մեջ էի։ Շատերն էին հագնում կարճ կիսաշրջազգեստ, սակայն տնօրենը միայն ինձ վրա էր բարկանում։ Երևի դրա պատճառն իմ անսովոր հագուկապն էր։
Իմ օրինակելի վարքով աչքի չընկնելու պատճառով միշտ ես էի մեղադրվում դասարանի փախուստը կազմակերպելու մեջ, թեև մեղք բնավ չունեի։
Շատ լավ հիշում եմ նաև այն, որ հենց այդ հարազատ շենքի պատերի ներքո առաջին անգամ սիրահարվել էի դասընկերոջս:
Եկա տուն և մայրիկիս ասացի.«Ես ամուսնանում եմ»: (Ծիծաղում է ...)
Իսկ առհասարակ մեր դպրոցական համակարգում, եթե հնարավորություն լիներ, կփոխեի համազգեստների ձևը, որ շարունակեն մնալ դասական սև ու սպիտակ գույները, բայց աշակերտները տարբերվեն միմյանցից իրենց հագուստի ոճով և ձևով»։
Հասմիկ Կարապետյան.
Պարզվում է` երգչուհին սերտ կապված է դպրոցական տարիների ընկերների և ուսուցիչների հետ, ինչպես նա ասաց, ընդամենը երկու շաբաթ առաջ դասընկերների հետ գնացել է Տաթև:
«Հաճախ ենք հանդիպում համադասարանցիներով, իսկ ուսուցիչներիցս առ այսօր պարբերաբար շփվում եմ տարրական դասարաններիս դասղեկի հետ. հատկապես առիթների դեպքում երբեք նրան չեմ մոռանում:
Ինչ վերաբերում է այդ տարիների հիշողություններին, ապա դրանք ամենաքաղցրն էին: Երբեք չեմ մոռանա առաջին սերս: 7-րդ դասարանում էի, երբ առաջին անգամ սիրահարվեցի դասընկերոջս: 4 տարի սիրել եմ նրան:
Այդ տարիների հետ է կապված նաև իմ` առաջին անգամ մեծ բեմում հայտնվելը: Շատ լավ հիշում եմ, որ երբ բարձրացա մարզահամերգային համալիրի բեմ, տեսա, որ գրեթե ողջ դպրոցը հանդիսատեսի շարքում է, իսկ դասընկերներս արդեն ետնաբեմ էին հասել և այնտեղից ոգևորում էին ինձ»:
Իսկ այսօրվա դպրոցականների կրթության հանդեպ Հասմիկը, ինչպես պարզվեց, շատ ուշադիր է. «Չեմ ուզում բացասաբար արտահայտվել, բայց երբ բացում եմ ընկերներիս երեխաների դասագրքերը, հասկանում եմ, որ դրանք շատ պարզունակ են դարձել ու միևնույն ժամանակ ոչ մատչելի:
Շատ կցանկանայի, որ ԳԹԿ-ն մեծ ուշադրություն դարձներ դասագրքերի բովանդակությանը:
Նաև կարծում եմ, որ կարևոր է համազգեստների խնդիրը:Կարծում եմ ճիշտ կլիներ, եթե միատեսակ հագնվեին դպրոցականները, որի արդյունքում ո՛չ երեխաների միջև մրցակցություն կլինի, ո՛չ էլ աչքի ընկնող տարբերություն»:
Լուսանկարները` երգչուհիների անձնական արխիվից
Ռ.Հակոբյան
Նյութը` lurer.com-ից