14:10 , 5 հոկտեմբեր, 2012
Ողջու՜յն, ուսուցի՛չ: Անցած հուշերով, թախծով, կարոտով նստած գրում եմ Ձեզ այս նամակը: Հուզված եմ, ի՞նչ խոսք, հուզված եմ այնպես, ինչպիսին կայի այն սեպտեմբերյան օրը հոգեպես: Մանուկ էի դեռ, սակայն Ձեր շնչով ես թևեր առա ու կարողացա այդուհետ գրել, կարդալ, ճիշտ խոսել: Մեզ սովորեցրիք տառերը մեսրոպյան, սակայն Մաշտոցը ինքներդ եղաք: Սովորեցրիք թիվ գումարել, բազմապատկել ու բաժանել: Մեզ տառերի ոլոր-մոլոր ճամփաներով Դուք քայլեցրիք: Նոր մայրը մեր դարձաք վերստին: Ձեր միջոցով ունակ դարձանք զատել նմանն ու տարբերը, հինը, նորը, չարը, բարին, լավը, վատը, կարևորը:
Էլ ի՜նչ ասեմ, որքա՜ն խոսեմ, որքա՜ն ճառեմ, արտասանեմ, միևնույն է, ես չեմ կարող ժամանակի գարշ անիվը ետ պտտել տասը տարով:
Ա՜խ, եթե ես հրաշագործ մի կախարդի մոգական ուժն ունենայի, կփռեի գարունը ողջ Ձեր ոտքի տակ ու ամառվա բարկ արևը հանուն Ձեզ ես կմարեի ... որ էլ չայրեր Ձեզ պես սիրուն ու աննման այն անհատին, որի սիրտը իմ սրտի մեջ աշնան թախծոտ տերևի պես ու ձմեռվա ճեփ-ճերմակ ձյան սավանածածկ մի լուսին է:
Ա՜խ, եթե ես հրաշագործ մի կախարդի մոգական ուժն ունենայի...