Կսպասեմ որոշ ղեկավարներ լքեն իրենց զբաղեցրած պաշտոնները, կվերադառնամ բեմ. Արթուր Բարսեղյան


15:56 , 27 հունվար, 2015

Life.panorama.am-ը գրում է․

Կսպասեմ որոշ ղեկավարներ լքեն իրենց զբաղեցրած պաշտոնները, կվերադառնամ բեմ. Արթուր Բարսեղյան

Life.panorama.am-ը անկեղծ զրույց ունեցավ դերասան Արթուր Բարսեղյանի հետ, ով հեռուստադիտողին առավել շատ ճանաչել դարձավ «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» հեռուստասերիալից՝ Հակոբյանի կերպարով:

-Արթուր, հանդիսատեսը որպես դերասան, Ձեզ ճանաչում է «Շանթ» և Արմենիա հեռուստաընկերության սերիալներից: Թատրոնում, գեղարվեստական ֆիլմերում չե՞ք աշխատում:

-Նախքան հեռուստասերիալներում նկարահանվելն աշխատել եմ Հ. Պարոնյանի անվան թատրոնում: Խաղացել եմ բազում ներկայացումներ տարբեր թատրոններում՝ երիտասարդական թատրոնում (Փոսի թատրոն), Համազգային, Սունդուկյան, Տիկնիկային: Մայրաքաղաքի գրեթե բոլոր թատրոններում խաղացել եմ: Գեղարվեստական մի քանի փոքրիկ ֆիլմերում եմ նկարահանվել: Այժմ ոչ թատրոնում, ոչ ֆիլմերում զբաղվածություն չունեմ:

-Ինչո՞ւ:

-Չեմ կարծում, որ ժամանակն է իմ՝ բեմ վերադառնալուն: Կսպասեմ, որոշ ղեկավարներ լքեն իրենց զբաղեցրած ղեկավարի պաշտոնները:

-Խոսքը թատրոնի՞ ղեկավարների մասին է:

-Այո, գեղարվեստական ղեկավարների:

-Իսկ սերիալային առաջարկներ չե՞ք ունենում:

-Արդեն մի քանի ամիս է, առաջարկներ չեմ ստացել, իսկ մինչ այդ բոլոր առաջարկները մերժել եմ, երբեմն՝ սցենարը կարդալուց հետո, երբեմն՝ գումարային անհամաձայնության, երբեմն էլ ոչ պրոֆեսիոնալ դերասանական ու ադմինիստրատիվ կազմի պատճառով:

-Այժմ ինչո՞վ եք զբաղված:

-Աշխատում եմ «Մեգաֆուդ» ընկերությունում, որպես մենեջեր:

-Գիտեմ, որ փորձում եք ձեր ուժերը նաև բիզնեսի ոլորտում: Ի՞նչ բիզնեսի մասին է խոսքը:

-Այո, ցավոք թողել եմ իմ մասնագիտականը և զբաղվում եմ, ավելի ճիշտ՝ քայլեր եմ անում դեպի բիզնեսի աշխարհ: Բացել եմ բուքմեյքերական կետ, արագ սննդի կետ: Իսկ համակարգչային (playstation) խաղասրահը շահույթ չունենալու  պատճառով վերջերս փակել եմ:

-Ինքնե՞րդ եք հիմնել Ձեր բիզնեսները, թե՞ օգնել են:

-Հիմնականում ես եմ հիմնել: Իհարկե, ունեցել եմ նաև ընկեր-բարեկամներ, ովքեր նույնպես իրենց մեծ ներդրումն են ունեցել թե՛ գումարային, թե՛ «դուխ» տալու ու խորհուրդների առումով:

-Արթուր, ինչո՞ւ որոշեցիք բիզնեսով զբաղվել: Դերասանի աշխատավարձը չէ՞ր բավականեցնում:

-Ասեմ, որ բիզնեսով զբաղվում եմ  1993 թվականից: Այդ տարիներից ունենք ընտանեկան բիզնես, որը ես եմ սկսել, թեև ընդամենը 6 տարեկան էի (ժպտում է): Ամեն ինչ սկսեց փոքրիկ սեղանիկից, ապա՝ ժավելի սպիրտ, օղու սպիրտ, գինի... Վերջում ստացվեց մթերային խանութ: 2001 թվականից այն արդեն հագուստի խանութ է: Ինչ վերաբերում է դերասանի աշխատավարձին, ապա դա շատ ցավոտ թեմա է: Դերասանի աշխատավարձը, իհարկե, չի բավարարում և ոչ մի դերասանի: Եթե ժողովրդական արտիստը ստանում է առավելագույնը 120.000 դրամ, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան ենք ստանում մենք` երիտասարդներս: Ճիշտ է, միայն թատրոնը չէ, սերիալներում համեմատաբար ավելի շատ գումար է վաստակում դերասանը, բայց այդ՝ արվեստի «ամենացածր» ճյուղը նույնպես «հարամվեց» `  ոչ մասնագիտական կրթությամբ, երբեմն «ա,բ,գ,դ» կարդալ չկարողացող «բարձրաճակատ դերասանների» կողմից: Ես չեմ մեղադրում այդ «դերասաններին», նրանք ուզում են երևալ էկրաններին՝ դրանով տարբեր ոլորտներում հաստատվելու համար: Ես մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր նկարում են նրանց: Բերանները բացում են, կներեք արտահայտությանս՝ սիրտդ խառնում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ